
Սիրիայի ընդդիմադիրները «փրկության» ծրագիր են մոգոնել

Սիրիայի ազատ բանակը հայտարարել է «ազգային փրկության» ծրագրի մասին, որով նախատեսվում է կազմակերպել երկրում քաղաքական անցումը: Այդ գործընթացում նախատեսվում է ներգրավել ռազմական և քաղաքական անձանց:
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակի ներկայացրած առաջարկությունների մեջ նշվում է Բարձրագույն ռազմական խորհուրդ ստեղծելու մասին: Այն պետք է կատարի նախագահական խորհրդի ստեղծման գործը: Խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն ռազմական և քաղաքացիական գործիչներ:
«Անցումային շրջանում Սիրիայի ազատ բանակը պետք է կատարի Սիրիայի ներքին և արտաքին գործերի նախարարությունների գործառույթները: Բարձրագույն խորհրդի կազմում լինելու են Սիրիայի բոլոր քաղաքների և մարզերի ռազմական խորհուրդների ղեկավարները, ինչպես նաև Սիրիայի կառավարական բանակը լքած բարձրաստիճան զինվորականները»,- ասված է Ազատ բանակի հայտարարության մեջ: