Միասին պայքարենք Նելլիի կյանքի համար
Օգոստոսի 1-ին, ժամը 14:00-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում բարեգործական համերգ է տեղի ունենալու, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է լեյկոզ հիվանդությամբ տառապող 22-ամյա Ադամյան Նելլիի բուժման ծախսերը հոգալուն: Այդ առիթով «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ համերգի նախաձեռնող՝ Երևանի պետական կոնսերվատորիայի մագիստրանտ Նելլի Գասպարյանը նշել է. «Ադամյան Նելլիին անձամբ չեմ ճանաչում, նրա հիվանդության մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Ես գիտեի, որ նրա կյանքի փրկությանը նվիրված մի շարք միջոցառումներ էլ են եղել: Ես էլ ցանկացա իմ լուման ունենալ նրա առողջացման հարցում: Հետևելով հայրենակիցներիս օրինակին, նման միջոցառում նախաձեռնեցի: Մենք հայ ենք, ու մեր պարտքն է՝ օգնել մեր այն հայրենակիցներին, որոնք զգում են դրա կարիքը: Դրա համար ամենևին պարտադիր չէ, որ մենք ծանոթներ կամ մտերիմներ լինենք: Նախաձեռնությանս մասին առաջինն իմացավ ԵՊԿ կոմպոզիտոր, ջութակահար Դավիթ Պիվազյանը, ով այս ամբողջ ընթացքում կազմակերպչական հարցերում օգնել է ինձ»: Ադամյան Նելլին բուժվում է Մոսկվայում: Այժմ աղջկա մոտ դրական փոփոխություններ են նկատվել: Եթե նախկինում նրա կյանքը հնարավոր էր ոսկրածուծի փոխպատվաստում անելով փրկել, հիմա դա կարելի է անել նաև քիմիաթերապիայի կուրսերի միջոցով: Բանախոսն ընդգծում է. «Ես խոստանում եմ, որ այն պահին, երբ Նելլին առողջացած կվերադառնա հայրենիք, ես ձեռնամուխ կլինեմ նոր համերգի կազմակերպմանը, որը արդեն կտոնի նրա ապաքինումը»:
Թեպետ Նելլի Գասպարյանն է համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը, սակայն նա նշում է, որ իրեն այս հարցում շատերն են աջակցել. «Եթե չլինեին իմ ընկերներն ու այն մարդիկ, որոնք նախաձեռնությանս մասին իմանալուն պես աջակցություն ցուցաբերելու ցանկություն հայտնեցին, գուցե այս համերգը կյանքի չկոչվեր»: Համերգը բաղկացած է երկու բաժնից: Առաջին բաժնում ելույթ կունենա Նելլի Գասպարյանը (սոպրանո), երկրորդում`Դավիթ Պիվազյանը (ջութակ): Նելլին նշում է. «Համերգային ծրագրում ներառել ենք հեշտ մարսելի ստեղծագործություններ, որոնք ունկնդրին մոռացնել կտան ամռան տապի մասին: Համերգն ունի երկու անակնկալ` տեղի է ունենալու ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Հեռացումի երգեր» վոկալի շարքի պրեմիերան, և համերգին կունենանք հատուկ հյուր, ով կազդարարի համերգաշարի բացումը»: Ըստ Ն. Գասպարյանի` այս համերգը բարեգործական համերգաշարի սկիզբը կազդարարի: Հաջորդ համերգներին ելութ կունենան մի շարք այլ երաժիշտներ: Համերգները կնվիրվեն այն մարդկանց, ովքեր աջակցության կարիք կզգան:
Համերգի տոմսերը հնարավոր է տեղում գնել, այն արժե 1000 դրամ (2 անձի համար), համերգի ընթացքում հանգանակություն էլ տեղի կունենա: «Ամեն պայման ստեղծված է, որպեսզի ցանկացողները կարողանան օգնել Նելլիին»,- ասում է Նելլի Գասպարյանը: