
Վարդան Օսկանյանը դիմել է Վերաքննիչ դատարան

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
«Սիվիլիթասի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերը կան Վերաքննիչ դատարան դիմելու համար: «Դատարանը իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը որեւէ կերպ չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել եւ չի պատասխանել մեր բողոքի փաստարկներին»,- մեկնաբանել է Տիգրան Աթանեսյանը: