Բաժիններ՝

Երբ անձնական կյանքը հանրայնացվում է…

«Եթե լրատվամիջոցն օգտագործում է որևէ հայտնի մարդու լուսանկարը, պետք է հաշվի առնի այդ մարդու վարքագիծը»,- «Փաստինֆոյի» թղթակցին ասել է «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների համար նորաձև է դարձել ֆեյսբուքում գրառված կարգավիճակներ կամ մեկնաբանություններ հրապարակելը: «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ Ֆեյսբուքում գրված կարգավիճակը նույնն է, ինչ փողոցում պլակատը ձեռքին կանգնելը: Ըստ նրա՝ Ֆեյսբուքն արդեն հանրային միջավայր է:

Իսկ ինչ է կատարվում, երբ հանրային այս միջավայրից լրագրողը փորձում է որևէ լուսանկարի կամ տեքստի տեսքով տեղեկատվություն տարածել: Արդյոք հանրային միջավայրից օգտվելու դեպքում լրատվամիջոցի համար կարո՞ղ է առաջանալ հեղինակային իրավունքի խնդիր:

«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրենի խոսքով՝ եթե լրատվամիջոցն օգտագործում է ֆեյսբուքում տեղադրված որևէ հեղինակավոր անձի լուսանկարը, ապա այս պարագայում կարևոր է հաշվի առնել տվյալ անձի վարքագիծը: Որպես ասվածի դասական օրինակ, Ա. Ղազարյանը նշել է «Մայքլ Դուգլասն ըննդեմ «Հասլեր» ամսագրի» դատական գործը: «Դուգլասը դատի էր տվել ամսագրին այն հիմքով, որ էրոտիկ բնույթի այդ ամսագիրը հրապարակել էր Դուգլասի հարսանիքի լուսանկարներն առանց նրա թույլտվության: Ամսագիրը խախտել էր հեղինակային իրավունքը, որը Դուգլասը տվել էր մեկ այլ ամսագրի: Դատարանը չբավարարեց այդ դիմումը, քանի որ հաշվի առավ Մայքլ Դուգլասի և նրա կնոջ վարքագիծը. բազմաթիվ փաստեր ցույց էին տալիս, որ այս մարդիկ ամեն ինչ անում էին` իրենց հարսանիքը հրապարակային դարձնելու համար»,- նշում է Արա Ղազարյանը: Նրա խոսքով` Հայաստանում ևս, հատկապես շոու բիզնեսի ոլորտում ընդունված է հմտորեն, փոքր չափաքանակով պարբերաբար անձնական կյանքի մասին տեղեկություն շուկա նետելը:

Կարդացեք նաև

Իրավաբանի խոսքով` ֆեյսբուքն ունի հնարավորություններ, որոնցով կարգավորվում է` անձը ցանկանո՞ւմ է իր տվյալները հրապարակել, թե՞ ոչ: «Եթե լրատվամիջոցը որոշել է օգտագործել այն հեղինակավոր անձի լուսանկարները, որի վարքագիծն ակնհայտ ցույց է տալիս, որ նա իր անձնական կյանքը հանրային դարձնելու միտում չի ունեցել, այսինքն՝ օգտվել է Ֆեյսբուքի` անձնական տվյալները միայն ընկերներին ցույց տալու հնարավորությունից, ապա սա արդեն լրատվամիջոցին բերում է պատասխանատվության դաշտ»,- նշում է Ա. Ղազարյանը: Իսկ եթե անձը դրսևորում է վարք, համաձայն որի՝ ակնհայտ է լինում, որ նա իր անձնական կյանքը հանրային դարձնելու միտում է ունեցել, ապա նրա պաշտպանության շրջանակները նեղանում են, քանի որ «նա ինքն է իր տան դուռը բաց պահում, որպեսզի հանրությունը գա իր տուն»: Իսկ Եվրոպական դատարանը նշում է, որ եթե անձը դրսևորում է այնպիսի վարքագիծ, որով իր անձնական կյանքը հանրայնացնում է, ապա դատարանից լայն պաշտպանություն չպետք է սպասի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս