«Ժառանգության» թեմայով խոսել չի ցանկանում
«Մենք նման հարց չենք քնարկել, և «Ժառանգության» նախաձեռնությունների վերաբերյալ ես իմ տեսակետը հայտնել եմ: Եվ ընդհանրապես «Ժառանգության» թեմայով ես խոսել չեմ ցանկանում»,– 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն միանալո՞ւ է արդյոք «Ժառանգություն» խմբակցության` Ազգային ժողովում հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները խորհրդարանում շրջանառության մեջ էին դրել «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ժառանգությունն», ըստ կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, «հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծով առաջարկում է` «ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի ուսումնասիրության, մասնավորապես` հանքարդյունաբերության, սեփականաշնորհման, բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու, պետական գնումների գործընթացի ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև` ՀՀ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությամբ արձանագրված փաստերի ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար»: