Բաժիններ՝

Ծաղկաձորը 5 օրով կվերածվի մնջախաղի քաղաքի

Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորում կիրականացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան  մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն թատերական 6 խումբ ու անհատներ արտերկրից, 5-ն էլ` Հայաստանից:

«Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը» կարգախոսով փառատոնի շրջանակում, ըստ Bravo.am-ի՝  կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետների կանցկացնեն նաեւ պարային մնջախաղի վարպետության դասընթացներ:

«Փառատոնի նպատակն է թատերական եւ մշակութային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, համաշխարհային թատերական գործընթացներին մասնակցությունը, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը»,- ասել է փառատոնի գործադիր տնօրեն, Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ու հավելել, որ փառատոնի անցկացումը կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:

Կարդացեք նաև

Փառատոնի շրջանակում հանդես կգան թատերախմբեր Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Թուրքիայից: Հատուկ հյուրը կլինի Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղին վերաբերող մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ Ելենա Մարկովան, որը վարպետության դասընթացներից բացի, կներկայացնի իր հեղինակած նոր` «Մնջախաղի դասեր» գիրքը:

Հնգօրյա փառատոնի ամենակարեւոր իրադարձություններից մեկը կլինի ծաղրածու,մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ  ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի տեղադրումը Ծաղկաձորի հրապարակում:

«Առաջարկը եղել է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի կողմից: Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է: Բացման ժամանակ կանցկացվի մեծ ֆլեշմոբ. փառատոնի պարային վարպետության դասընթացների մասնակիցները ցույց կտան Ենգիբարյանի ամենահայտնի շարժումը: Սա վկայում է, որ փառատոնը միշտ անցկացվելու է Ծաղկաձորում»,- ասել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ փառատոնի բացման օրը` օգոստոսի 10-ին, կցուցադրվի «2 Լեոնիդ 2» ֆիլմը:

Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Bravo.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս