Գրեթե պատերազմական քրոնիկա
Policy Forum Armenia հետազոտական կենտրոնը, անդրադառնալով Եվրոպայից եկող լրահոսին, այն համեմատել է պատերազմական քրոնիկայի հետ (հատկապես վերջին 72 ժամվա ընթացքում): Ֆեյսբուքի իր էջում PFA-ը նշում է, որ իրավիճակն իսկապես ծանր է, և վարկանիշային կազմակերպությունները մտահոգություն են հայտնում անգամ Եվրոպայի հզորագույն տնտեսությունների պարագայում, թե արդյո՞ք վերջիններս կկարողանան դիմակայել աշխարհամասում թափ առնող ճգնաժամին:
PFA-ը տարածել է «The Wall Street Journal»-ի հրապարակումը, որում ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները Գերմանիայի իշխանություններին զգուշացրել է, որ իրենք կանգնած են ֆինանսական աղետի եզրին և պետք է շուտափույթ համապատասխան քայլեր ձեռնարկեն։
Policy Forum Armenia-ն այս առնչությամբ գրում է. «Մինչ շատերը կարծում են, որ Եվրոպայում այս զարգացումները կարող են ծնկի բերել Հայաստանի տնտեսությունը (հիմնականում այն սցենարներով, որոնք տեղ էին գտել PFA-ի 2012թ. փետրվարյան զեկույցում), հայաստանյան իշխանությունները լռում են իրենց պլանների մասին։ 2009-2010թթ. սպառելով իրենց բոլոր բուֆերային հնարավորությունները և տապալելով կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը (որոնք ավելի հեշտ կլիներ իրականացնել սթրեսային իրավիճակում)` իշխանությունները, ինչպես երևում է, հույսը դրել են միայն Աստծո բարեհաճության և արտերկրից ստացվող տրանսֆերտների վրա»։