«Ինձ ասացին, որ Վիտալի Բալասանյանի հովանավորները Ղարաբաղից դուրս են»

«Ես չգիտեմ: Երբ ես հետաքրքրվեցի, թե որտեղի՞ց նրան այդքան կարողություն` հիմնելու շտաբներ, մարդկանց ներգրավելու աշխատանքի, ինքն էլ «պուզատի» օլիգարխ չէ, որ գրպանից հանի տա, ինձ ուղղակի ասացին, որ նրա հովանավորները Ղարաբաղից դուրս են: Իսկ թե ո՞վ է, ես չգիտեմ»,- այսօր 168.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե ովքե՞ր են Վիտալի Բալասանյանի հովանավորները Հայաստանում, որոնց մասին նա նշեց իր ասուլիսում, ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Մեր հաջորդ հարցին, թե ըստ նրա` ԼՂՀ նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանի ստացած մոտ 33 տոկոս ձայների մեջ ի՞նչ դեր է ունեցել Դաշնակցության գործոնը, եթե հաշվի առնենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Լեռնային Ղարաբաղի ՀՅԴ 7 կոմիտեներից 4-ն աջակցել են Բալասանյանի թեկնածությանը, Ա.Ադիբեկյանը պատասխանեց. «Դաշնակցությունը տիրապետում է ընտրողների ձայների ընդամենը 6 տոկոսին, ուստի` եթե, օրինակ, նրանցից 3 տոկոսը Վ. Բալասանյանի կողմից է, դա էական դեր չի կարող կատարել: Ուղղակի այնտեղ կա էլեկտորատի մի հատված, որը նյութապես բավական ծանր վիճակում է գտնվում, նրանց հերթը չի հասել: Օրինակ` բնակարաններ են կառուցել, զոհված ազատամարտիկների ընտանիքների մի մասը բնակարան ստացել է, իսկ մյուս մասը` ոչ: Դժգոհության ալիք է: Մի գյուղում, որը ծայրահեղ վիճակում է, ճանապարհը նորոգում են, մյուսում` ոչ, մի գյուղին ջուր տվել են, մյուսին` դեռ ոչ: Կրկին դժգոհության առիթներ են: Հետևաբար` քանի որ բոլորին չի հասնում, այդ դժգոհության ալիքը կա և կլինի, սակայն  ես միշտ ասել եմ, որ դժգոհության ալիքի վրա իշխանության գալն անհնար է, քանի որ դա միշտ փոքր մասն է: Մեծ մասը կամ հարմարված է, կամ գոհ է իր կյանքից: Նույնը Հայաստանում է: Մեզ մոտ այդ բողոքավոր հատվածը կեսից բավականին պակաս է»:

Իսկ երբ մենք հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ո՞ր խավի վրա պետք է հենվի տվյալ թեկնածուն` իշխանության գալու համար, սոցիոլոգը պատասխանեց. «Այսօրվա վիճակում նա պետք է լինի իշխանության անդամ, օգտվի իշխանական հնարավորություններից, լավ կլինի, որ լինի իշխանական կուսակցության անդամ, ժառանգի իշխանությունը  և պետությունը տանի իր պատկերացրած ծրագրի հիման վրա: Ցավոք, մենք դեռևս չենք հասել, օրինակ, ԱՄՆ-ի զարգացման մակարդակին, որտեղ էլիտան բաժանված է երկու մասի, և ընդունված երևույթ է, որ, օրինակ, դեմոկրատ նախագահը կարող է հանրապետականին նախարար նշանակել: Իսկ մեզ մոտ առաջին նախագահը, երկրորդը, երրորդը իշխանության միջից են դուրս եկել, չորրորդն էլ կլինի իշխանությունից: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի, Ադրբեջանի և այլ երկրների մասին: Սա հետսովետական սինդրոմն է. իշխանությունն ինքն իրեն վերարտադրում է: Սակայն միակ հույսն այն է, որ ամեն մի վերարտադրման փուլում մենք գրանցենք առաջընթաց: Կողքից մարդ չի կարող իշխանության մեջ մտնել, նա այդ ռեսուրսը չունի, կամ տեղերն օթյակում զբաղված են: Իհարկե, ես չեմ ասում, թե դա լավ է, պարզապես ես` որպես սոցիոլոգ, պետք է նկարագրեմ իրականությունն այնպես, ինչպես որ այն կա»:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր հարցադրմանը, թե հաշվի առնելով նրա առանձնահատուկ վիճակը, որ պատերազմի վտանգի առջև համայնքը միավորվում է, այնուամենայնիվ, կան արտասահմանյան փորձագետներ, ովքեր համեմատելով ԼՂՀ-ի նախագահի ստացած ձայների 67 տոկոս ցուցանիշը, օրինակ, ՀՀ նախագահական ընտրությունների հետ, գտնում են, որ «համեստ մեծամասնության» ձայներով նախագահ ընտրվելը դեռևս ժողովրդավարության կայացման ցուցանիշ չէ, Ադիբեկյանը պատասխանեց. «Հայաստանի պատճառը պառակտված հասարակությունն է: Երբ դու հաղթում ես 51 տոկոսով, դա ժողովրդավարության ամենալավ դրսևորումն է»:

Կարդացեք նաև

Իսկ մեր հաջորդ հարցադրմանը, թե 51 տոկոսին պարտվելը ժողովրդավարության ավելի լավ դրսևորում չէ՞, ինչպես եղավ, օրինակ, Ֆրանսիայում, սոցիոլոգը հարցրեց. «Հիմա մենք խոսենք ժողովրդավարությա՞ն, թե՞ ժողովրդի տրամադրությունների մասին: Դրանք տարբեր բաներ են»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս