Գյուղատնտեսությունը կաճի 8-9 տոկոսով
Այս տարվա վերջին գյուղատնտեսության ոլորտում սպասվում է 8-9% աճ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ առկա են զգալի դրական տեղաշարժեր, և մասնավորապես` առաջին կիսամյակում գյուղատնտեսական արտադրանքի աճը գերազանցել է 8%-ը` կազմելով 203.6 մլրդ դրամ։
8-9%-ը վատ ցուցանիշ չէ, սակայն հիշեցնենք, որ 2011թ. գյուղատնտեսության ոլորտի աճը կազմել է 14.1%։ Մյուս կողմից` չմոռանանք, որ 2010թ. գրանցվել էր 13.5%-անոց անկում, որը բացատրվում էր անբարենպաստ եղանակային պայմաններով։
Փաստորեն, ոլորտը կամաց-կամաց ոտքի է կանգնում։ Թե ինչի՞ շնորհիվ` հողերն աղոթելո՞ւ, թե՞ վարչապետի պրակտիկ խորհուրդների (կով կթելու վերաբերյալ), այս դեպքում արդեն էական չէ։