
Ընդդիմադիրներին հետևում են մի քանի մեքենաներով

Հայտնի ռուս բլոգեր, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ում նկատմամբ հետաքննություն է ընթանում Մոսկվայում մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար, Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ ներկայումս իրեն հետևում են չորս ավտոմեքենաներով: Նախկինում Նավալնիին իրավապահները հետևում էին երկու ավտոմեքենայով: Անդրադառնալով ռուս ակտիվիստների նկատմամբ իրավապահների կողմից իրականացվող հետապնդումների թեմային, «The Washington Post»-ը պատմում է նաև Մարիա Բարանովայի մասին, ում նկատմամբ հետաքննություն է ընթանում նույն առիթով: Բարանովան տեղեկացրել է, որ իր տունը գտնվում է Ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ: Մեկ այլ ակտիվիստ` նկարիչ Պյոտոր Վերզիլովը, «The Washington Post»-ին պատմել է, որ երբ նախօրեին այցելել է Ոստիկանության քննչական մեկուսարանում գտնվող կնոջը, որը Pussy Riot փանկ խմբի մասնակիցներից է, իրեն ողջ ճանապարհին հետապնդել են երեք ավտոմեքենաներ: «The Washington Post»-ի հոդվածագիրը եզրակացնում է, որ Ռուսաստանի իշխանություններն այլախոհներին հետապնդելիս այլևս ավելորդ ձևականությունների հետևից չեն ընկնում և ամեն ինչ անում են «բաց ու թափանցիկ»: