
«Արմավիան» շաբաթական երկրորդ չվերթն է իրականացնելու դեպի Սիրիա

Այսօր «Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է շաբաթական երկրորդ չվերթն իրականացնել դեպի Սիրիա` ՀՀ կառավարության եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Ըստ «Արմավիայի»՝ այդ դեպքում ավիատոմսերը կլինեն գրեթե անվճար, ինչպես տարիներ առաջ Լիբանանյան դեպքերի ժամանակ:
Հիշեցնենք, որ դեռևս երկու շաբաթ առաջ սիրիահայերը դժգոհել էին, որ «Արմավիայի» տոմսերը թանկացել են: Սիրիահայ Հարութ Փալուլյանը հայտարարել էր, թե «Սիրիական» ընկերության չվերթների տոմսերը՝ մոտ 320 դոլար են, և հնարավորություն կա միայն մեկ ուղղությամբ տոմս գնելու, իսկ «Արմավիայի» գները՝ 470-480 դոլար արժեն և հնարավորություն չկա մեկ ուղղությամբ տոմս գնելու:
Իսկ 168.am-ին «Արմավիայից» պատասխանել էին, թե այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: