
Հայկական բանկերը մասնակցո՞ւմ են օֆշորային արտահոսքին

Որոշ հրապարակումների համաձայն, համաշխարհային բանկերն օգնում են իրենց հարուստ հաճախորդներին` օֆշորային հաշիվներ բացելու միջոցով խուսափել հարկերից։ Արդյո՞ք հայաստանյան բանկերը նույնպես ներգրավված են այդ գործում։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այդ հարցի վերաբերյալ 168.am-ին ասաց. «Ըստ էության, խորհրդատվական կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն է` որքան հնարավոր է օգուտ տալ իր հաճախորդին, խորհրդատուները դրանից չեն խորշում: Այլ բան է, որ Հայաստանյան օրենսդրությունը, ցավոք, այս պահին չի գնահատվում բավարար չափով, և չափազանց շատ են սողանցքները և տարակերպ մեկնաբանությունները այդ հարցի վերաբերյալ։ Արդյունքում, շատ այլ մարդիկ հնարավորություն են ունենում օգտվել այդ առիթից»:
Եթե Ա. Մինասյանն ըստ էության հնարավոր է համարում հայաստանյան բանկերի կողմից նման քայլի գնալը, ապա ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը բացառում է նման հնարավորությունը։ «Ո՞վ է ասում: Որևէ բանկ չի ցանկանա իր իմիջը գցել` հանուն ինչ-որ գործունեության: Եվրոպայում կա նման համոզմունք, որ օֆշորը վատ է: Օֆշորը փողերը լվանալու միջոց է: Բանկերը համարում են, որ հնարավոր է` այդ մրցակցության արդյունքում նրանք դուրս մնան: Կարևորեմ, որ Հայաստանում բանկերն աշխատում են եվրոպական ստանդարտներով»,- 168.am-ին ասաց Բ. Ասատրյանը: