Բաժիններ՝

Հայաստանի առանձնահատուկ հատկանիշներն են՝ տեխնոլոգիաների հանդեպ սերը և գլոբալիզացիան

«Սինոփսիս» ընկերության Մարդկային ռեսուրսների (ՄՌ) փոխտնօրեն Կևին Սիվրուդը նախորդ շաբաթ այցելել էր Հայաստան`« Սինոփսիս Արմենիայի» մենեջերների համար դասընթաց անցկացնելու նպատակով: Պարոն Սիվրուդը շատ ոգևորված էր, քանի որ, իր համոզմամբ` դասընթացը մենեջերներին հնարավորություն կտա աշխատել  ավելի արդյունավետ ու ավելի լավ արդյունքների հասնել: Նրա հետ զրուցել է «Սինոփսիս Արմենիայի» Հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը` հատուկ 168.am-ի համար:

– Պրն Սիվրուդ, սա Ձեր առաջի՞ ն այցն է Հայաստան, թե՞ նախկինում եղել եք Հայաստանում:

– Ես նախկինում այցելել եմ Հայաստան միայն մեկ օրով: Դա փետրվարի սկիզբն էր, արագ պատմեմ այդ պատմությունը. «Սինոփսիսի» ՄՌ բաժնում փոփոխություններ էին արվել, որի արդյունքում ես պատասխանատու դարձա հայաստանյան գրասենյակի համար, հետևաբար այցելեցի հայկական թիմին: Ցավոք, այցի ժամանակը ճիշտ չէր ընտրված, այն համընկավ ոչ աշխատանքային օրվա հետ, այնպես որ` ես չկարողացա հանդիպել բոլոր մարդկանց, ում կցանկանայի հանդիպել:

– Տարվա մեջ քանի՞ անգամ եք այցելում այլ գրասենյակներ:

Կարդացեք նաև

– Լավ հարց է: Որոշ տարածաշրջաններում ես ճամփորդել եմ միայն մեկ կամ երկու անգամ: Սովորաբար դա կախված է այլ հանգամանքներից, ինչպես, օրինակ, դասընթացի անհրաժեշտությունն է կամ որևէ նշանակալի ձեռքբերում: Այսպիսով, դա սովորաբար կախված է բիզնես անհրաժեշտությունից, լինում է այնպես, որ ղեկավար մակարդակում ինչ-որ մեկին աշխատանքի ենք ընդունում, և պետք է լինում, որ ես աջակցեմ նրան սկզբնական շրջանում: Մեկ տարվա մեջ ես այցելում եմ մոտ 20 գրասենյակ` սովորաբար մեկ ուղևորության ժամանակ այցելելով 5 կամ 6  գրասենյակ:

– Ո՞ր երեք բառերով կբնութագրեք «Սինոփսիս Արմենիան»:

– Հասուն, կազմակերպված ու ինտեգրված:

– Ի՞նչ եք զգում, երբ այցելում եք ԱՄՆ-ից դուրս գտնվող գրասենյակներ:

– Դե, ԱՄՆ-ից դուրս ես ինձ զգում եմ` ինչպես տանը, քանի որ «Սինոփսիսի»  իմ կարիերան ես սկսել եմ Եվրոպայում, այնպես որ, ինձ համար Եվրոպան որոշ առումով ավելի հարազատ է, կամ նույնքան հարազատ, որքան ԱՄՆ-ը:

– Ինչպե՞ս եք կառուցել Ձեր կարիերան, և ինչպե՞ս եք հաջողության հասել:

– Նախքան «Սինոփսիսին» միանալը ես աշխատում էի մի փոքր ծրագրային ընկերությունում և պատասխանատու էի եվրոպական տարածաշրջանի համար: Իմ աշխատանքն ավելի շատ բիզնես ուղղվածություն ուներ: Երբ «Սինոփսիսը» մուտք գործեց Եվրոպա, կարիք զգացվեց ինչ-որ մեկի, ով կարող էր կառավարել ՄՌ-ն բիզնեսի տեսանկյունից: Այդպիսով, իմ խնդիրն էր բիզնեսի սատարումը ՄՌ բաժնին, և ոչ թե` հակառակը: Հետևաբար, ես իմ աշխատանքին վերաբերվում եմ որպես բիզնեսին աջակցող գործառույթ, կարելի է ասել, գրեթե որպես բիզնես:

– Ի՞նչ կրթություն և աշխատանքային փորձ ունեք:

– Ես սովորել եմ ֆինանսներ, և մի քանի տարի աշխատել եմ հյուրանոցների համար ծրագրային ապահովման ոլորտում: Դա իմ ամենաերկար աշխատանքն էր մինչ «Սինոփսիսին» միանալը: Այսպիսով, ես նաև մի քիչ ծրագրային համակարգերի փորձ ունեմ:

– Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ով բիզնեսի ոլորտից տեղափոխվել է ՄՌ ոլորտ: Ինչպե՞ս որոշեցիք դիմել այդ քայլին: Արդյո՞ք այդ քայլին դիմեցիք այն պատճառով, որ ՄՌ-ն Ձեզ հոգեհարազատ է:

– Միանշանակ: Երբ ես սկսեցի աշխատել բիզնեսի ոլորտում, ինձ համար պարզ դարձավ, որ լավ արդյունքներ կարելի է ստանալ, եթե ունեք լավ աշխատողներ: Հետևաբար, մենեջերների դերը վճռորոշ է: Սա շատ ծեծված է հնչում, բայց այսպիսին է իրականությունը: Եթե ուզում եք լավ արդյունքներ, անհրաժեշտ է ունենալ լավ մարդիկ, լավ միջավայր և լավ կազմակերպություն, և լավ արդյունքներն իրենց սպասել չեն տա: Ճիշտ է, պետք է ունենալ նաև բարենպաստ տնտեսական շրջան ու լավ արտադրանք, բայց մարդիկ ամենակարևորն են:

– Ես «Սինոփսիս» Համայնքային չեմպիոնի » մրցանակ եմ ստացել 2008թ.: Երբ գլխամասային թիմը տեսագրեց մեզ որպես հաղթողներ, տասը մարդուց տասն ասացին, որ «Սինոփսիսում» ամենաուժեղ կողմը մարդիկ են, ում հետ նրանք աշխատում են:

– Դա ինձ չի զարմացնում: Երբ մենք անցկացնում ենք հարցումներ աշխատողների հետ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր լքում են ընկերությունն, ասում են, որ ամենադժվարն իրենց գործընկերներից հեռանալն է: Մենք իրականում ունենք բավականին մեծ քանակությամբ աշխատակիցներ, ովքեր վերադառնում են ընկերություն, և նրանցից շատերը վերադառնում են հենց գործընկերների համար:

– Շատ աշխատողներ ուզում են մենեջեր դառնալ, այսինքն`երազում են աշխատակիցներ ունենալու մասին, ովքեր կօգնեն իրենց՝ աշխատանքի մի մասն իրենց վրա վերցնելով: Երբ նրանք դառնում են մենեջեր,  հասկանում են, որ շատ ավելի հեշտ էր, երբ մենակ էին աշխատում և ամեն ինչ իրենք էին անում: Շատ դժվար է առաջադրանքներ պատվիրակել ուրիշներին, սովորեցնել նրանց` ինչպես անել, խանդավառել, որ լավ աշխատեն, հետևել նրանց աշխատանքին, ճիշտ ակնկալիքներ ունենալ, թե որքանով նրանք կարդարացնեն ձեր սպասելիքները, և այլն: Որպես «Սինոփսիսի» ՄՌ-ի փոխտնօրեն` ո՞րն է Ձեր ամենամեծ մարտահրավերը:

– Կարծում եմ, ՄՌ-ում մեր խոշորագույն խնդիրը ղեկավարներին իրենց դերը բացատրելն է: Քանի որ մենք ճարտարագիտական ընկերություն ենք, մեր տաղանդը և մեր կիրքը տեխնոլոգիաներն են, և մարդիկ, ովքեր տաղանդավոր են տեխնիկական բնագավառում, դառնում են մենեջեր: Եթե Դուք ստանձնում եք մենեջերի դեր և չունեք համապատասխան փորձ, դուք կարող եք լինել լավագույն մասնագետ, բայց առանց կառավարման հմտությունների` թիմը ղեկավարել չեք կարող: Այնպես որ, մենք օգնում ենք մենեջերներին` արդյունավետ աշխատել: Ես միշտ ասում եմ, որ եթե դուք ունեք լավ մենեջերներ, աշխատանքը լավ է կազմակերպված, և կազմակերպության կառուցվածքը ճիշտ է, դուք ՄՌ-ի կարիք գրեթե չունեք: Այնպես որ, փառք Աստծո, ամեն ինչ փոխվում է, մենք աճում ենք և նոր մարդկանց ընդունում աշխատանքի, այնպես որ`  ես դեռ աշխատանք ունեմ: Բայց եթե «Սինոփսիսը»  լավ մենեջերներ ունի, ՄՌ-ի մնացած մասը շատ ավելի հեշտ է դառնում: Միշտ կան կանոններ, օրենքներ, որոնցով պետք է առաջնորդվել, բայց մեր գործն ավելի հեշտ է, եթե մեր մենեջերները լավ են անում իրենց աշխատանքը:

– Կա՞ արդյոք որևէ առանձնահատուկ հատկանիշ, որը բնորոշ է հայաստանյան գրասենյակին:

– Հայ աշխատակիցների տեխնիկական հմտությունները բավական բարձր են: Հայաստանում շատ տաղանդավոր մասնագետներ կան` հատկապես այդպիսի փոքր երկրի համար: Կարծում եմ, որ մարդիկ այստեղ, ինչպես և «Սինոփսիսում», տեխնոլոգիաների հանդեպ սեր ունեն: Նաև, լինելով փոքր երկիր և նույնիսկ ինչ-որ իմաստով` հեռավոր, Հայաստանը բաց է արտաքին աշխարհի համար, մարդկանց մեծ մասը խոսում է անգլերեն և ռուսերեն: Այո, այն փոքր երկիր է, բայց այն մեծ աշխարհի մի մասն է: Այսպիսով առանձնահատուկ հատկանիշներն են` տեխնոլոգիաների հանդեպ սերը և գլոբալիզացիան: Հայաստանը կապված է աշխարհի տարբեր անկյունների հետ շատ հետաքրքիր ձևերով: Մենք Կալիֆոռնիայում ունենք  հայկական մեծ համայնք, հատկապես Հարավային Կալիֆոռնիայում, այնպես որ, կարծում եմ, որ շատ հայեր  ունեն ընկերներ և ընտանիքի անդամներ ամբողջ աշխարհում: Կարծում եմ, որ «Սինոփսիս Արմենիան» կարող է ավելի մեծ չափով նույնացնել իրեն «Սինոփսիսի» հետ, և «մենք «Սինոփսիս Արմենիան»ենք»  ասելու փոխարեն` ասի, «մենք «Սինոփսիսն» ենք»: Հայաստանյան աշխատակիցները իսկապես կարող են հասկանալ, թե ինչով է զբաղվում ամբողջ ընկերությունը, և թե ինչպես են անհատների դերերն ազդում ողջ ընկերության վրա: Այսպիսով, իմ խորհուրդն է` «Սինոփսիսի»  գլոբալ ընտանիքի առավել միասնական մաս դառնալ:

– Կա՞ն մարտահրավերներ, որոնք բնորոշ են հայաստանյան գրասենյակին:

– Կան մի քանի մարտահրավերներ, որոնց մասին ես բաց կխոսեմ: Տրանսպորտային փոխադրումը դեպի Հայաստան խնդիր է, այժմ գործում են մի շարք ուղիղ չվերթեր, հաղորդակցությունը շատ ավելի դյուրին է դարձել, բայց խնդիրը գոյություն ունի: Աշխատավարձերը համաշխարհային գների հետ համեմատած` համեմատաբար ցածր են, սակայն որոշ ենթակառուցվածքային ծախսեր մեկ անձի հաշվարկով ավելի բարձր են, ուստի դա նույնպես խնդիր է: Հայաստանի տնտեսությունը և որոշ օրենքներ դեռ փոփոխվում են, զարգանում են, և մենք ստիպված ենք գործ ունենալ այդ փոփոխությունների հետ: Լինի դա աշխատանքային օրենսդրության դաշտում թե ֆինանսական օրենսդրության դաշտում, մենք պետք է ուշադիր հետևենք դրանց: Այսպիսով, Հայաստանն ունի առավելություններ, բայց այն ունի նաև որոշակի խնդիրներ, ինչը, սակայն, կարելի է ասել ցանկացած երկրի մասին:

– Վերջերս «Սինոփսիսում» անցկացվել է աշխատակիցների հետ հարցում: Արդյո՞ք նման հարցումները կազմում են գործարար ընկերությունների ընդհանուր մշակույթի մի մասը,  թե՞ «Սինոփսիսն»  է մեծ ուշադրություն դարձնում նման բաներին:

– Շատ ընկերություններին բնորոշ է հարցումներ անցկացնելը: Իրականում մենք անդամակցում ենք Տեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտության խմբին (Information Technology Survey Group), ինչն ապահովում է նման հարցումների մասնակցությունը: Անդամակցող կազմակերպությունները պետք է լինեն բարձր տեխնոլոգիական զինվածությամբ միջազգային կազմակերպություններ, որոնք ունեն ավելի քան 5000 աշխատակից և որոշակի եկամուտ: Այնպես որ` մենք համեմատում ենք մեզ մյուս բոլոր կազմակերպությունների հետ: Խմբում ընդգրկված ընկերություններն ունեն, ընդհանուր առմամբ, ավելի քան 600.000 աշխատակից, որոնց հետ մենք կարող ենք համեմատվել: Եվ երբ մենք համեմատում ենք մեր արդյունքները (հարցերը մեծամասնությամբ  ստանդարտ են),  տեսնում ենք, որ դրանք նման են, բայց շատ դեպքերում` մի փոքր ավելի լավը:

– Կա՞ն արդյոք «Սինոփսիսի» հայկական գրասենյակին բնորոշ  չափանիշներ, որոնց մասին իմացել եք հարցման արդյունքների ուսումնասիրությունից:

– Ես գիտեմ, որ հայերը շատ են ցանկանում սովորել նոր տեխնոլոգիաներ, այնպես որ, դա մեր մարտահրավերներից մեկն է, և ես ուզում եմ կարևորել այն: Փոխհատուցումը (պարգևատրումը) նույնպես մարտահրավեր է նաև Հայաստանում, այնպես որ`  մենք դիտարկում ենք դա նույնպես: Իրականում ես կարծում եմ, որ մեր ամենամեծ մարտահրավերը  կամ, ավելի ճիշտ,  մեր ամենամեծ հնարավորությունը մեր աշխատող բնակչությանը տեղեկացված պահելն է «Սինոփսիսի»  բիզնեսի մասին, այն մասին, թե որոնք են գործարար միտումները, ինչ են անում մեր հաճախորդները, որտեղ է կիրառվում մեր տեխնոլոգիան: Քանի որ մենք այստեղ ունենք Ուսումնական դեպարտամենտ, մենք ունենք ուսուցանելու հնարավորություն,  աշխատակիցներն այստեղ տենչում են սովորել տեխնոլոգիաների աճի հետ համաքայլ:  Մյուս գրասենյակներում մենք ունենք ավելի շատ բիզնես խմբեր, այնպես որ, աշխատակիցներն այնտեղ ավելի ծանոթ են ապրանքների տեսականուն: Այստեղ առկա են մեր ամենամեծ ստորաբաժանումները՝ SG (Solution Group)-60%, ինչպես նաև` SEG (Silicon Engineering Group) և AMSG (Analog Mixed Signal Group), որտեղ աշխատում է մեր աշխատակիցների մնացած 40%-ը: Մենք Հայաստանում չունենք, օրինակ, նախագծերի ստուգման` VG (Verification Group) ստորաբաժանումը:

– Որո՞նք են այն երեք գործոնները, որոնցով ուղղորդվելով` մասնագետներն ընտրում են «Սինոփսիսը»:

– Ես կարող եմ այս հարցին բավականին ճշգրիտ պատասխան տալ: Նախևառաջ պետք է նշել մեր կողմից արդար շուկայական առաջարկությունը, ներառյալ` աշխատավարձը, պարգևատրումները և նպաստները: Բայց մարդիկ գալիս են «Սինոփսիս»` այստեղ առկա սովորելու և աճելու հնարավորությունների համար, մենք տեսնում ենք դա աշխատակիցների հարցումներում: Նրանք ընտրում են «Սինոփսիսը»` նաև ընկերության որակի և ընկերությունում աշխատող մարդկանց համար:

 – Ի՞նչ եք կարծում, արդյոք ազդո՞ւմ է աշխատակիցների` «Սինոփսիսն»  ընտրելու որոշման վրա այն փաստը, որ այն կայուն ընկերություն է և միաժամանակ` համաշխարհային առաջատարը ոլորտում:

– Միանշանակ: «Սինոփսիսը» դիտվում է`որպես շատ կայուն ընկերություն: Իրականում մեր կարգախոսը` «Կանխատեսելի հաջողություն», տարածվում է ՄՌ-ի տիրույթ: Ընկերությունը շատ կանխատեսելի է, իրականում վերջին տարիների տնտեսական ճգնաժամի ժամանակ մենք շատ ավելի կայուն գտնվեցինք, քան գրեթե մեր բոլոր մրցակիցները և հաճախորդները: Մենք հավատում ենք, որ աշխատակիցները մեր հաջողության մասն են կազմում, և մենք ուզում ենք կիսել այդ հաջողությունը նրանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս