Թուրքիան` Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկեր
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 4886 միլիոն դոլար, ինչը 17 տոկոսով ավելին է՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ:
Դրանից արտահանումը կազմել է 1140 միլիոն դոլարը (10 տոկոսանոց աճ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ), իսկ ներկրումը՝ 3725 միլիոն դոլար (19 տոկոսանոց աճ): Առևտրային բացասական հաշվեկշիռը տարվա առաջին կիսամյակին կազմել է 2585 միլիոն դոլար, ինչը կազմում է ողջ ապրանքաշրջանառության 53 տոկոսը, հաղորդում է Business-Грузия-ն:
Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 1488 միլիոն դոլար, որից արտահանմանը բաժին է ընկել 560 միլիոն դոլարը (12 տոկոսանոց աճ), իսկ ներկրմանը՝ 928 միլիոն դոլարը՝ (1 տոկոսանոց աճ):
Այս տարվա առաջին կիսամյակին 32 տոկոսով աճել է ԵՄ-ի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը՝ կազմելով 1367 միլիոն դոլար, որից 199 միլիոն դոլարը (15 տոկոսանոց աճ) կազմել է արտահանումը, իսկ 1169 միլիոն դոլարը (36 տոկոսանոց աճ)՝ ներկրումը: ԵՄ-ի երկրներին է բաժին ընկել Վրաստանի արտաքին առևտրի 28 տոկոսը:
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը դարձել է Թուրքիան՝ 741 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 606 միլիոն դոլար: Երրորդ հորիզոնական է տեղափոխվել Ուկրաինան (341 միլիոն դոլար)՝ իր հետևում թողնելով Գերմանիային՝ 320 միլիոն դոլար: