Ամենակարևոր հաղթաթուղթը
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ: ԼՀՂ քաղաքացիները հինգերորդ անգամ ընտրելու են երկրի ղեկավարին: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը ցույց տվեց, որ միջազգայնորեն չճանաչված այս երկրում կարող են կայանալ միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքական գործընթացներ, որքան էլ հատկապես հայաստանյան որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել հակառակը:Ամենակարեւորը` կոտրվեց տարիներ շարունակ արմատացած այն կարծրատիպը, թե ԼՂՀ-ում ընդդիմություն չկա: Նույնիսկ այն հանգամանքը, որ քարոզարշավի վերջում ընդդիմադիր թեկնածուն ու նրա թիմը սկսեցին հանդես գալ «Եթե մենք չհաղթենք, ուրեմն` ընտրությունները կեղծվել են» սկզբունքով, կարելի է ձեռքբերում համարել: Թերեւս, նաեւ դա է նպաստել, որ այսօրվա ընտրություններին հետեւելու համար ԼՂՀ են ժամանել, ըստ էության, աննախադեպ թվով` ավելի քան 80 միջազգային դիտորդներ, 50-ից ավելի օտարերկրյա ԶԼՄ-ներ ներկայացնող լրագրողներ: Ակնհայտ է, որ նրանց տեսածն ու արձանագրածը կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական կողմի ամենաառարկայական հաղթաթղթերից մեկը: