
«Մելլաթ բանկը» հրաժարվել է գնել կառավարության մասնաշենքը

Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 19-ին չեղյալ հայտարարեց 2012 թ. հունվարի 19-ի որոշումը` Կառավարության թիվ 2 մասնաշենքը «Մելլաթ բանկին» վաճառելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել կառավարության թիվ 2 մասնաշենքի 789.45 քառ. մետր տարածքը վաճառել վարձակալ «Մելլաթ բանկին»` ուղղակի վաճառքի ձեւով: Գույքը գնահատվել էր մոտ 1.5 մլրդ դրամ: Սակայն այդ որոշմամբ նախապայման էր դրվել, որ եթե տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչվի` «Մելլաթ բանկը» պետք է թողնի տարածքը` 3-5 տարում այլ վայրում համարժեք փոխհատուցում ստանալով:
«Մելլաթ բանկի» խորհուրդը քննարկել է այս հարցը եւ հրաժարվել գույքը ձեռք բերել այդ նախապայմանով, ինչի մասին գրություն է ներկայացրել ՀՀ կառավարությանը: Արդյունքում` ՀՀ կառավարությունը չեղյալ հայտարարեց վաճառքի թույլտվության մասին որոշումը: