ԱԳ փոխնախարար. Հայաստանի մոտեցումները համահունչ են ՄԽ հայտարարություններին

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի լատվիական նախագահության հրավերով Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ելույթով հանդես է եկել ԱՀՖ լիագումար նիստում:

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները ԵԱՀԿ տարածաշրջանի  անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, անդրադարձել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ընթացող համագործակցությանը եւ այդ շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ծրագրերին:

Փոխնախարար Հովակիմյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ այդ մոտեցումները համահունչ են Մինսկի խմբի համանախագահ  երկրների ղեկավարների Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի եւ Լոս-Կաբոսի հայտարարություններին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի, ինչպես նաեւ Արցախի ու Ադրբեջանի միջեւ շփման գծի ողջ երկայնքով կազմակերպած սադրանքների ինտենսիվության աճին` կարեւորվել է դիպուկահարների հետքաշումը, ինչպես նաեւ հրադադարի խախտումները  հետաքննող մեխանիզմի ստեղծումը:

Ելույթներով հանդես են եկել նաեւ ԵՄ, ՌԴ, ԱՄՆ եւ ԵԱՀԿ-ում նախագահող Իռլանդիայի պատվիրակությունները:

ԵՄ ներկայացուցիչն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների  ջանքերին,  վերահաստատել շփման գծում հնարավոր միջադեպերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմների իրագործման կարեւորությունը, որը համաձայնեցվել է 2012թ. հունվարին Սոչիի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, ինչպես նաեւ ողջունել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը:

ԱՄՆ, ՌԴ եւ Իռլանդիայի պատվիրակությունները վերահաստատել են ԼՂ հիմնախնդրի` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ իրենց ավանդական դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս