Ոստիկանությունը կարճել է լրագրողի դեմ բռնարարքի գործը

Ոստիկանությունը կարճել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման ընթացքում լրագրողի ձեռքից փորձել էին հափշտակել տեսախցիկն ու կոտրել հիշողության սարքը՝ այդ ընթացքում երկու անգամ հարվածելով նրա ձեռքին:
Գործը կարճելու մասին որոշման մեջ նշվում է. «Էլինա Չիլինգարյանը տեսանկարահանումներ կատարելիս չի ներկայացել որպես լրագրող, լրագրողին հատուկ տարբերիչ նշան չի կրել, նրա օգտագործած տեսախցիկը նույնպես տարբերանշան չի ունեցել:
Նման պայմաններում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ գնահատելով՝ հիմնավորված պետք է համարել, որ Հ.Համբարձումյանը չի գիտակցել եւ պարտավոր չէր գիտակցել, որ Էլինա Չիլինգարյանը լրագրող է եւ իրականացնում է մասնագիտական գործունեություն:
Հ.Համբարձումյանի դիտավորությունն ուղղված չի եղել Չիլինգարյանին ծեծելուն, մարմնական վնասվածք կամ ֆիզիկական ցավ պատճառելուն: Նկարահանվելուց խուսափելու նպատակով նա հարվածել է նկարահանողի ձեռքին, որի հետեւանքով տեսախցիկն ընկել է գետնին:
Երկրորդ անձի կողմից ձեռքին հարվածելու վերաբերյալ ցուցմունք է տվել միայն Էլինա Չիլինգարյանը: Այդ դրվագով այլ ապացույց ձեռք չի բերվել, այսինքն՝ չի հաստատվել հանցագործության դեպքը»:
Լրագրողը չի պատրաստվում բողոքարկել ոստիկանության որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս