Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 13-ին, այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նա տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը երկկողմ ձեւա-չափով, եվրոպական կառույցների շրջանակներում եւ միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում հաստատված տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն եւ նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման:
Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում այն կարեւոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատման:
Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնց եւս մեկ արտահայտությունն էր Ձեր, Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների Նախագահների կողմից հունիսի 19-ին Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունը:
Մեծարգո պարոն Նախագահ,
Մենք մեծապես կարեւորում ենք Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը եւ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:
Կրկին շնորհավորում եւ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ»: