
ԱԺ. Մատվիենկոն Ղարաբաղի մասին հայտարարություն չի արել

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ուստի, «ԱԺ-ն հայտարարում է, որ «Հրապարակ» օրաթերթի հուլիսի 13-ի համարում տպագրված Վալենտինա Մատվիենկոյին՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ վերագրված արտահայտություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ օրաթերթը գրել էր, թե Վալենտինա Մատվիենկոն «Հին էրիվան» ռեստորանում իր պատվին տրված ճաշի ժամանակ, Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել՝ ասելով. «Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, սակայն այսօր Ադրբեջանում չկան այնպիսի գործիչներ, որոնք այդ մասին կարող են հայտարարել»:
«Ո՛չ պաշտոնական հանդիպումների, ոչ էլ առավել ևս ճաշի ժամանակ՝ նման քննարկումներ չեն եղել: Ցավոք, շատ հաճախ ԶԼՄ-ներում տեղ են գտնում հրապարակումներ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը»,- նշված է ԱԺ պաշտոնական հայտարարության մեջ: