Բաժիններ՝

Աշխարհահռչակ սփյուռքահայ ճարտարապետը պատրաստ է նպաստել Երևանի գեղեցկացմանը

Այսօր քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում համագործակցության առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի անդամ, համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հետ հանդիպման ընթացքում:
Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ողջունելով հյուրին` քաղաքապետը, համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ընդգծել է, որ 2794-ամյա Երևանն իր պատմամշակութային ժառանգությամբ և հուշարձաններով, հնի ու նորի ճարտարապետական ինքնատիպ համադրմամբ` այսօր համարվում է աշխարհի գրավիչ մայրաքաղաքներից մեկը:
«Ծանոթ լինելով համաշխարհային ճարտարապետության մեջ ձեր ներդրած ավանդին և կարևորելով Երևանում նոր ու ժամանակակից նախագծերի, մտահղացումների կյանքի կոչման առաջնահերթությունը, կարող եմ վստահեցնել, որ ցանկացած առաջարկ, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանը, պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակում ընդառաջել»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միշել Մոսեսյանն իր հերթին, նշելով, որ առաջին անգամ է այցելում Երևան, ընդգծել է, որ իսկապես տպավորված է մայրաքաղաքի ճարտարապետությամբ և ցակություն է հայտնել հանրային տարածքներում ստեղծել ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք առավել ներկայանալի ու հարմարավետ կդարձնեն Երևանը:
Ողջունելով աշխարհահռչակ ճարտարապետի ցանկությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի պատասխանատուների հետ համատեղ անցկացնել մասնագիտական քննարկում և ձևավորել հստակ առաջարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս