Facebook-ը հսկում է խոսակցությունները՝ հանցագործությունները կանխելու նպատակով
Facebook սոցիալական կայքն ԱՄՆ-ում օգտագործում է հատուկ ալգորիթմեր` օգտատերերի չաթն ու անձնական տեղեկատվությունը հսկելու և այդպես, հնարավոր հանցագործությունները կանխելու համար: Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է Facebook-ի անվտանգության գծով տնօրեն Ջո Սալիվանը:
Կասկածելի ակտիվություն նկատվելու դեպքում ալգորիթմը նշում է օգտատիրոջ հաշիվն ու տեղեկացնում է ընկերության հատուկ աշխատակցի, ով իր հերթին գնահատում է վտանգը և անհրաժեշտության դեպքում դիմում ԱՄՆ իրավապահ մարմիններին:
Սալիվանը հավաստիացրել է, որ ընկերության ծրագրավորողներին հաջողվել է համակարգը բավականաչափ հստակ ստեղծել, որպեսզի անձնական օգտատիրոջ զրույցն ամբողջությամբ ստուգելու անհրաժեշտություն չլինի և մասնագետները ստիպված չլինեն կարդալ դրանք: Նա վստահեցրել է, որ համակարգը գրեթե բացառում է սխալի հավանականությունը:
Մարտ ամսին, օրինակ, համակարգն ուշադրություն է հրավիրել 30-ամյա տղամարդու և 13-ամյա աղջկա խոսակցության վրա: Նրանց զրույցում պարբերաբար «սեքս» բառն էր օգտագործվել: Զրույցից պարզ է եղել, որ տղամարդը պատրաստվում է հանդիպել աղջկա հետ` նրա դասերի ավարտից հետո` խոսակցության հենց հաջորդ օրը:
Facebook-ի աշխատակիցը տեղեկացրել է իրավապահներին, ովքեր էլ մեկ օրվա ընթացքում ձերբակալել են տղամարդուն:
Համակարգը հիմնականում ուղղված է մանկապիղծներին գտնելուն, սակայն կարող է օժանդակել նաև այլ հանցագործությունների բացահայտմանը, ինչպես օրինակ թմրանյութերի, զենքի վաճառքը և այլն:
Facebook-ն աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցն է և ունի շուրջ 900 մլն օգտատեր: