Բացահայտվել է «ԱրմենՏելի» կապի հանգույցի վրա հարձակումը
Այսօր՝ հուլիս 13-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խմբերը բացահայտել են այսօր գիշերը Սպիտակում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը:
Ժամը 04.55-ի սահմաններում «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակից Վռամ Ղազարյանը Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգել է, որ ժամը 03.30-ի սահմաններում դիմակավորված երկու անհայտ անձ բաց պատուհանից մուտք են գործել կապի հանգույցի վարչական շենք, որը գտնվում է Սպիտակ քաղաքի Շահումյան 5 հասցեում, դանակի և պտուտակահանի սպառնալիքով իրեն կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից, որից հետո այնտեղ եղած վաճառասրահից հափշտակել են տարբեր տեսակի 11 հեռախոս և 3 հատ նոթբուք համակարգիչ:
Որոշ ժամանակ անց Ոստիկանության Լոռու մարզի վարչությունում ստեղծվել է օպերատիվ խումբ, որտեղ ներգրավվել են նաև Սպիտակի ոստիկանները: Մինչև լուսաբաց Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, թե գիշերը այդ ժամին ովքեր են եղել նշված տարածքում:
Այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում Լոռու մարզի ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Սպիտակի Ոստիկանության բաժին բերման են ենթարկել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Վարդան Սահակյանին: Վերջինս ոստիկաններին պատմել է իր ընկերոջ հետ կատարած հանցագործությունը և մատնացույց է արել հափշտակված ապրանքների այն վայրը, որտեղ թաքցրել են գողոնը:
Ոստիկանությանը հայտնի են նաև նրա հանցակից ընկերոջ տվյալները, ում հայտնաբերելու համար օպերատիվ քննչական միջոցառումներ են ձեռնարկվում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: