
Վիկտոր Յանուկովիչ. Ավելի լավ է ԼՂ-ում ունենալ վատ խաղաղություն, քան լավ պատերազմ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան 2013 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում և փորձելու է մեռյալ կետից առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս մասին Ղրիմում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը.
«ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Ուկրաինան կփորձի մեռյալ կետից առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ եթե հարցն ամբողջությամբ չլուծվի էլ, ապա պետք է պահպանել խաղաղությունը: Ավելի լավ է ունենալ վատ խաղաղություն, քան՝ լավ պատերազմ: Ուկրաինան հուսով է, որ հակամարտությունը կկարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Ես բավական լավ ու բաց հարաբերություններ ունեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և հուսով եմ, որ դրանք մեծ դեր կխաղան տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: Ինչ վերաբերում է մերձդնեստրյան հակամարտությանը, ապա այստեղ Ուկրաինայի դերակատարությունն ու հնարավորություններն ավելի մեծ են»: