Բողոքի ակցիա Ազգային ժողովի շենքի մոտ
Այս պահին «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության մասնակիցները բողոքի ակցիա են անցկացվում Ազգային Ժողովի Բաղրամյան մուտքի մոտ՝ «Պահանջում ենք արտահերթ նստաշրջան», «Պատասխան եք տալու այս մահի համար» «Հետախուզվում է մարդասպան» և այլ ցուցապաստառներով:
Քիչ առաջ ակցիային միացան «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հակոբյանը: Զուգընթաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամները ԱԺ-ում փորձում են 44 ստորագրություն հավաքել «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն օրերս հայտարարեց իր մանդատը վայր դնելու որոշման մասին, սակայն քանի որ «ԱԺ կանոնակարգ-օրենքով» հայտարարությունն ընդունված է համարվում այս մասին ԱԺ նիստին հնչեցվելուց հետո 15–օրյա ժամկետում, ապա նրա լիազորությունները մինչև սեպտեմբեր չեն դադարեցվի, քանի որ խորհրդարանն օրերս կմեկնի արձակուրդ:
Ակցիայից մասնակիցները մտավախություն ունեն, որ սեպտեմբերին սկսվող ԱԺ աշնանային նստաշրջանին Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր չի դնի, այսինքն՝ հետ կվերցնի իր հրաժարականի դիմումը:
«Պահանջում ենք այս գործն իր ավարտին հասցնել արտահերթ նստաշրջանով»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցների մյուս պահանջն այն է, որ արձակուրդում գտնվող «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները արտերկրից վերադառնան Հայաստան, քանի որ որպես երկրորդ ամենամեծ խմբակցություն հենց նրանք կարող են ապահովել անհրաժեշտ 44 ստորագրությունները:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը օրերս մի քանի անգամ կրկնեց, որ տեխնիկապես իրատեսական չէ այս պահին 44 ստորագրություն հավաքելը:
Հիշեցնենք, որ պատգամավորներն իրավունքն ունեն արձակուրդ մեկնել հուլիսի 15–ից սկսած, իսկ այսօր հուլիսի 13–ն է:
Այս պահի դրությամբ իրենց ստորագրությունն են տվել 18 պատգամավոր՝ ՀԱԿ-ից, «Ժառանգությունից», Դաշնակցությունից, իսկ ԲՀԿ-ից ստորագրահավաքին միացել են Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և այլոք:
Բողոքի ակցիան շարունակում է: