ԱՄՆ-ը աննախադեպ ավելացնում է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը անսպասելիորեն որոշել են 4-րդ ավիակիրն ու տասնյակ ստորջրյա հետախուզական սարքեր ուղարկել Պարսից ծոց, հայտնում է Russian Times-ը՝ գրելով, որ սա ամենավերջին զարգացումն է Իրանի դեմ հնարավոր պատերազմում:
«Փոքր, սուզանավակերպ, հեռակառավարվող սարքերի» մասին, դեռևս նախորդ շաբաթ գրել էր Los Angeles Times-ը՝ հղում կատարելով անանուն պաշտոնյաներին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ SeaFox անվանումով սարքերը ուղարկվել են տեղորոշելու և ոչնչացնելու համար ականները, որոնք հնարավոր է տեղադրած լինի Իրանը՝ Որմզդի նեղուց մուտքն արգելափակելու գործողությունների շրջանակներում:
The Times-ի տվյալներով այդ սուզանավակները ընդամենը 120 սմ երկարություն և 100 ֆունտից էլ քիչ քաշ ունեն, կարող են սուզվել մինչև 90 մ խորություն և յուրաքանչյուրն արժե 100 000 ԱՄՆ դոլար: Սարքը համալրված է նաև անջրաթափանց հեռուստախցիկով:
ԱՄՆ-ն արդեն Իրանի ափերի մոտ է ուղարկել իր 3 խոշոր ավիակիր՝ «Էնթերփրայզը», «Դուայթ Դ. Էյզենհաուրեը» և «Աբրահամ Լինքոլնը»: Օգոստոսին տարածաշրջան կհասնի նաև «Ջոն Ս. Սթենիսը»:
Այս զարգացումների առիթով ամերիկյան Ռազմական հետազոտությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան Քրիստոֆեր Հարմերն ասել է. «Եթե իրանցիները ցանկանան փակել Որմզդի նեղուցը, կարող են անել դա, սակայն կկարողանան ընդամենը մեկ անգամ»: