Բաժիններ՝

Քաղաքապետը պահանջել է, որ աշխատանքները լինեն տեսանելի ու շոշափելի

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև հայտնաբերված ապօրինությունների վերացման մասով աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներն արձանագրվել և, ըստ այդմ, իրականացվել են շինությունների քանդման աշխատանքներ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, այս համատեքստում քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել նաև շինթույլտվությունների ժամկետների պահպանումը` գործնական քայլեր ձեռնարկելով նմանատիպ խախտումներ թույլ տված կազմակերպություններին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
«Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատվածը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար: Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ, առավել ևս, որ տվյալ տարածքները, ըստ էության, ժամանակի ընթացքում վերածվում են խրոնիկ աղբավայրի»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել վերանայել նման տնտեսավարողների կողմից շինթույլտվությունների երկարացման հայտերի բավարարման մոտեցումները:
2012 թվականի զարգացման ծրագրերով նախատեսված ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների հետ կապված շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Զեկուցվել է նաև, որ կապալառու կազմակերպությունների կողմից վերացվել են նախորդ տարվա աշխատանքների գծով առաջացած թերությունները:
Անդրադառանալով ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման հարցին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ դրա վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա ու հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան օղակի պատասխանատուներին խստորեն հետևել իրականացվող աշխատանքներին:
«Ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովումը կապալառուի պայմանագրային պարտականությունն է և ամեն օր պետք է վերահսկել դրա պատշաճ կատարումը: Պայմանագրային պարտավորություն է նաև սեփական միջոցներով թերի կատարած աշխատանքի վերացումը, բայց մեզ համար առավել կարևոր է, որ ի սկզբանե բացառենք անորակ աշխատանքը, որով ոչ միայն կխնայենք ծախսվող ժամանակը, այլև լրացուցիչ անհարմարություններ չենք պատճառի մեր քաղաքացիներին»,-նշել է քաղաքապետն ու հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին որակի յուրաքանչյուր թերացում արձանագրելիս անմիջապես դադարեցնել աշխատանքներն ու պարտադրել կապալառուին պահպանել պայմանագրային պարտավորությունները:
Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ամենօրյա հսկողություն է իրականացվել հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների 5 մրցույթ, որին մասնակցել են 26 երթուղիներ:
«Քաղաքային իշխանության կողմից տարվող աշխատանքները պետք է տեսանելի ու շոշափելի լինեն մեր քաղաքացիների համար: Ըստ այդմ, մրցույթների ժամանակացույցը պետք է սահմանել այնպես, որ օր առաջ հասարակական տրանսպորտի սպասարկումն այլևս չիրականացվի հնամաշ մեքենաներով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ փորձարկման աշխատանքներ են ընթանում հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցկաների համակարգի տեղադրման ուղղությամբ:
Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է այս ուղղությամբ ևս ամենօրյա հետևողական աշխատանք տանել դրանց կատարման որակի ապահովման համար:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ զեկուցվել է, որ ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթական ցայտաղբյուրները: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող ցայտաղբյուրի հիմանորոգման համար Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում աշխատանքներ տանել դրա վերագործարկման նպատակով:
Մայրաքաղաքում ընթացքող կանաչապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բուժվում և կրապատվում են վարչական բոլոր շրջաններում առկա ծառերը: Ընթացքի մեջ են նաև Աշտարակի խճուղու միջնամասերի և մայթերի հարակից տարածքների ճիմապատման և ձևավորման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ կլուծվի նաև ճանապարհահատվածի արտաքին լուսավորության հարցը: Այգիներում, պուրակներում և կանաչ տարածքներում առկա չորացած և անկման վտանգ ներկայացնող ծառերի մասով զեկուցվել է, որ գույքագրումից հետո իրականացվում է սանիտարական էտում` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Դվին» հյուրանոցի հարակից տարածքում տեղակայված «Լեռնային պար» հուշարձանի տեղափոխման, ինչպես նաև «Հուշարձան ընթերցողին» քանդակի տեղակայման վայրի ընտրության մասով Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քննարկվում են ներկայացված առաջարկություններն ու առաջիկայում կհստակեցվեն տեղադրման վայրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս