Գյուլն անդրադարձել է Ցեղասպանության օրինագծի շուրջ զարգացումներին

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի շուրջ զարգացումներին. հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
«Թուրքիան չի պատրաստվում գործել` հիմք ընդունելով դրսում տարածված տեղեկությունները: Վերջին հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցը»,- ասել է Գյուլը: Նա նշել է, որ իրենց համար առավել կարևոր է երկկողմ հանդիպումների ընթացքում ասված խոսքերը:
Գյուլը հիշեցրել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպման ընթացքում նույնպես արձանագրվել է, որ երկու երկրները ցանկանում են նոր էջ բացել հարաբերություններում:
Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե նախատեսում է 1915-1916 թթ. Հայոց Ցեղասպանության ժխտումը պատժող նոր օրինագիծ ներկայացնել: Ֆրանսիայի նախագահական նստավայրից հայտարարել էին, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան: «Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր նախագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահամանադրությանը»,- ասել էին նախագահականից:

Տեսանյութեր

Լրահոս