
Չավուշօղլուի համար Օլանդն ավելի վատ է, քան Սարկոզին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզիից ավելի շատ է աջակցում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Այս մասին ադրբեջանական Salam News-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մևլութ Չավուշօղլուն:
«Հենց Օլանդի կուսակցությունն է (Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն) առաջարկել Ֆրանսիայի Սենատի օրակարգ մտցնել «Հայերի ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 24-ին կողմ էր քվեարկել օրինագծի ընդունմանը:
«Օլանդը խոստացել է, որ կընդունի այս օրինագիծը, և այժմ նա փորձում է իրականացնել դա: Եվ այս տեսանկյունից, նա առավել վտանգավոր է իր նախորդից` Սարկոզիից»,- ասել է Չավուշօղլուն:
Ըստ նրա` այժմ Հայոց ցեղասպանության մասին որևէ որոշում ընդունելը սխալ կլինի, քանի որ այն կհակասի Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշմանը: «Ֆրանսիան պետք է դադարեցնի այս ամենն ու պահպանի Թուրքիայի հետ կապերը: Հակառակ դեպքում` դա վատ կանդրադառնա թուրք- ֆրանսիական հարաբերությունների վրա»,- ասել է Չավուշօղլուն` հավելելով, որ երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվում, և անհրաժեշտ է դրանք պահպանել: