Dasaran.am-ը կներկայացնի «Ավտոդպրոց» նախագիծը
Կրթության եւ գիտության նախարարությունում, հուլիսի 10-ին, տեղի կունենա «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» նախագծի շնորհանդեսը:
Հաշվի առնելով այն, որ այսօրվա դպրոցականները մեր երկրի ապագա վարորդներն են, իսկ երթեւեկության կանոններին տիրապետելն անվտանգ երթեւեկության առաջին նախապայմանը, «Ավտոդպրոց» նախագիծը նպատակ ունի բարձրացնել դպրոցականների, ինչպես նաեւ նրանց ծնողների եւ ՀՀ վարորդների՝ երթեւեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Նախագիծը հասանելի կլինի ոչ միայն «Dasaran.am»-ում գրանցված բաժանորդներին, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է առցանց սովորել երթեւեկության կանոնները:
Վերոնշյալ նախագծի շնորհիվ ներկայիս եւ ապագա բազմաթիվ վարորդներ կտիրապետեն ճանապարհային երթեւեկության կանոններին, եւ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել: Նշենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը աշակերտների շրջանում երթեւեկության կանոնների իմացությունը խրախուսելու նպատակով նախատեսում է նաեւ անցկացնել բազմաթիվ մրցույթներ:
Նախագծի շնորհանդեսին կհետեւի մամուլի ասուլիս, որի ընթացքում «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը կխոսեն նաեւ «Dasaran.am»-ի եւ ԿՏԱԿ-ի համագործակցության շրջանակներում հետագա ծրագրերի մասին: