Հայաստանի հյուպատոսությունը հաստատել է ջրհեղեղի հետևանքով 2 հայերի մահը
Սոչիում Հայաստանի հյուպատոսությունը հաստատել է Ռուսաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով երկու հայերի մահը: Ինչպես տեղեկացնում է Новости-Армения-ն, այս մասին հաղորդել է ՀՀ արտգործնախարարության մամլո-քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ զոհվածները Լիդիա և Հովհաննես Շահբազյաններն են:
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը հաղորդել էր, որ Ռուսաստանին պատուհասած տարերային աղետի առնչությամբ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում բացվել է թեժ հեռախոսագիծ՝ 010 36 02 97, 060 44 03 41 հեռախոսահամարներով: ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ՝ փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանի գլխավորությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավարին հանձնարարել էր հստակեցնել որոնողափրկարարական օպերացիաներում աջակցությունը և կազմակերպել համապատասխան միջոցառումներ, ինչպես նաև օգնություն ցուցաբերել աղետի գոտում գտնվող ՀՀ քաղաքացիներին:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ էր հղել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն՝ վերացնելու ողբերգության հետևանքները:
Հուլիսի 7-ի գիշերը ջուրը հեղեղել էր 3 քաղաքների՝ Գելենջիկի, Նովոռոսիյսկի, Կրիմսկի և Կրասնոդարի երկրամասի մի շարք բնակավայրերի 5000 բնակելի տներ:Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 171 մարդ: ՌԴ ԱԻՆ-ի տեղեկություններով՝ բուժօգնության է դիմել 479 մարդ, այդ թվում` 48 երեխաներ: Հոսպիտալացվել է 137 մարդ, որից 13-ը՝ երեխաներ: Անհետ կորած են համարվում 10 երեխա, նրանց թվում են՝ 3 տարեկան Արտեմ Դովբյանը` հոր և պապիկի հետ: Ջրհեղեղի հետևանքով ավելի քան 20 հազար մարդ է տուժել: