Վահրամ Սահակյանը «ինքն իրեն էր ծեծել»
Գրող Վահրամ Սահակյանը ընդամենը կատակել էր, երբ մի քանի օր առաջ հայտարարել էր, որ իրեն ծեծել են: Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Նման բան չի եղել: Ուղղակի ընկերուհիներիցս մեկին ասացի պառկեմ, բերանիս կետչուպ քսի, իբր արյուն ա, ու նկարի: Հա ի՞նչ անենք, մի անգամ կատակ անելու իրավունք չունե՞մ: Ադոլֆը ճիշտ էր ասում՝ ինչքան մեծ սուտ հորինես, այնքան ավելի արագ կտարածվի»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը նրան մեղադրեց իրեն սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար, երբ զանգել է տեղեկանալու Վահրամ Սահակյանի առողջական վիճակի մասին: Վահրամ Սահակյանը դրա համար ներողություն խնդրեց և ասաց. «Ախր անընդհատ զանգում են, էլ չեմ դիմանում: Ուղղակի բախտդ չի բերել, ընկել ես բերանիս տակ: Ես ոչ մի վատ բան չունեմ լրագրողների նկատմամբ: Իմ աղջիկն ու տղաներն էլ են լրագրող: Ուղղակի մեկ-մեկ ջղայնացնում են»,- ասաց նա:
Վահրամ Սահակյանը նաև հայտարարեց, որ իրեն մի շարք մարդիկ կաշառք են առաջարկել սոցիալական կայքերում իր մտքերը չտարածելու համար:
«Դե հիմա էսօր Facebook-ում մի բան գրում ես «ալամ աշխարհը» իմանում ա: Դրա համար ինձ կաշառք առաջարկեցին, բայց ես երբեք չեմ վերցնի: Օրինակ՝ Վարդան Պետրոսյանն էլ երբեք չի վերցնի, Հրանտ Թոխատյանն էլ: Թող մտածեն կաշառք վերցնողները»,-ասաց նա և ավելացրեց, որ իրենք ազնիվ մարդիկ են:
Լրագրողների այն դիտարկմանը, թե դերասան Հրանտ Թոխատյանը վերցրել է և դրա մասին անգամ youtube-յան հոլովակն է վկայում, Վահրամ Սահակյանը հավաստիացրեց, որ դրանք սուտ տեղեկություններ են: