
Նարիշկին. Ռուսաստանը պատրաստ է լինել ԼՂ շուրջ համաձայնության երաշխավորը

Եթե գտնվի հակամարտության լուծման այնպիսի ճանապարհ, որը կբավարարի երկու կողմերին, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի հանդես գալ որպես այդ համաձայնության երաշխավորը. Բաքվում ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, նա հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում անփոփոխ է:
«Մենք դեմ ենք ԼՂ հակամարտության լուծմանը` պատրաստի բանաձևերով: Մենք համոզված ենք, որ այդ խնդիրը կլուծվի, եթե երկու կողմերի շահերը բավարարվեն: Ռուսաստանը պատրաստ է նման համաձայնության երաշխավորը դառնալ: Սակայն հակամարտության կարգավորման պատասխանատվությունը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդների վրա»,- ասել է նա:
Նարիշկինը հիշեցրել է, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 10 անգամ:
«Այդ հանդիպումները չի կարելի բացարձակ անարդյունավետ համարել: Դրանք թույլ են տվել բացահայտել կողմերի դիրքորոշումը` հակամարտության լուծման ճանապարհին»,- ասել է նա:
Պետդումայի նախագահը մտահոգություն է հայտնել նաև հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:
«Մենք միշտ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը` ուժի կիրառման և սպառնալիքի անընդունելիության վերաբերյալ: Ես լավատես եմ և հույս ունեմ, որ այդ հակամարտությունը խաղաղ լուծում կունենա»,- ասել է Նարիշկինը: