
Բժշկականի ռեկտոր կլինի Նախագահի խնամի՞ն

Համառ լուրեր են շրջում այն մասին, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է դառնալու Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը:
Թերթի թղթակցի հետ զրույցում Մինասյանը երեկ չի բացառել այդ հնարավորությունը: «Դեռ չեմ կողմնորոշվել: Մի քանի հարցեր կան հիվանդանոցի հետ կապված` հետագա զարգացման և այլն, որ չի լինի թողնել, դրա համար դժվար է այդ հարցին պատասխանել»,- ասել է նա: Ճշտող հարցին, որ ամեն դեպքում չի բացառում ու մտածու՞մ է այդ ուղղությամբ, Արա Մինասյանը պատասխանել է. «Չէ, չեմ մտածում, բայց չի բացառվում»: Երկու աշխատանքը համատեղել, ըստ բուժկենտրոնի ղեկավարի, ծանր և անհնար կլինի: Մինասյանն, ի դեպ, այժմ բժշկական համալսարանի խորհրդի անդամ է: Թերթը նշում է, որ այս բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ Դերենիկ Դումանյանը նշանակվել է առողջապահության նախարար: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ օրերս հայտարարել է, որ թափուր պաշտոնի մրցույթ, ըստ ամենայնի, կհայտարարվի ամռան վերջին: