
Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարարը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: