Գերմանիան դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն կոչ է արել ՄԱԿ-ի բանաձևի նոր նախագծից բացառել Սիրիայի ճգնաժամի լուծման ուժային տարբերակը, հաղորդում է Associated Press-ը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել միջագային պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ: «Մենք պետք է ուժեղացնենք մեր քաղաքական և տնտեսական ճնշումը, այդ թվում` մշակելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ոչ բռնի նախագիծ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի շրջանակներում»,- ասել է Վեստերվելեն Փարիզում «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը:
Ֆորումի նպատակն է համակարգել արաբական և արևմտյան երկրների ջանքերը Սիրիայում ճգնաժամը կարգավորելու հարցում:
«Առաջին հերթին անհրաժեշտ է ներմուծել և կիրառել Սիրիայի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը: Նախ` մենք պետք է աշխատենք համաձայնեցված: Մեր աշխատանքի նպատակն է ուժեղացնել քաղաքական և տնտեսական ճնշումը վարչակարգի վրա»,- ասել է նախարարը:
ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածը թույլ կտա Սիրիայի դեմ կիրառել տարբեր միջոցառումներ, օրինակ` բեռնարգելք զենքի մատակարարման վրա, իսկ ծայրահեղ դեպքում՝ Անվտանգութան խորհրդի բոլոր անդամների համաձայնության դեպքում՝ նաև ռազմական միջամտություն:

Տեսանյութեր

Լրահոս