«Մարիաննա» գործարանի պայթյունից տուժածի վիճակը դեռ ծանր է

«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, հունիսի 7-ին, ժամը 08.35-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունից տուժած 55-ամյա Է.Ղազարյանը կայուն ծանր է: Այս մասին հայտնեցին «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
Նրանց փոխանցմամբ` է. Ղազարյանը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկել, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառություն: «Որոշ բաներ զգում է,որոշ բաներ հասկանում է, բայց դեռ վաղ է ասել, թե երբ կտեղափոխվի հիվանդասենյակ»,- հայտնեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին. ժամը 08.35-ին տեղեկություն էր ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր էր մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պայթյունի հետեւանքով տուժած 55-ամյա Է.Ղազարյանը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: Ըստ այդ հոդվածի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Պայթյունի պատճառները պարզելու համար ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվել է տեխնիկական քննություն, որոնց արդյունքներն արդեն ամփոփվել են եւ ուղարկվել Ոստիկանություն:

Տեսանյութեր

Լրահոս