Freedom house-ը հրապարակել է աշխարհի անազատ երկրների վարկանիշը
19 երկրներում ազատությունն ու ազատությունները ոչ բոլորի համար են, ահազանգում է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իր ամենամյա «Վատագույններից վատագույնները. Աշխարհի ամենահալածական հասարակությունները» (Worst of the Worst: The World’s Most Repressive Societies) զեկույցում: Խոսքը ավելի քան 1,6 մլրդ մարդու, կամ Երկրի բնակչության 23%-ի մասին է:
«Ավտոկրատիան շարունակում է տարածված մնալ աշխարհում 2012-ին: Գրեթե յուրաքանչյուր 4-րդ ժողովուրդ աշխարհում ապրում է այնպիսի երկրներում, որոնք ունեն քաղաքական և քաղաքացիական իրավունքների ամենավատ ցուցանիշները», – ասված է զեկույցում:
Դիտարկված են աշխարհի 195 երկիր և 14 «տարածք»՝ հիմնականում չճանաչված պետություններ, որոնց թվում՝ որպես «վիճելի տարածք» նշված է նաև Լեռնային Ղարաբաղը:
Աղյուսակը կազմված է հարցումների հիման վրա, որոնց համար կազմված հարցաթերթիկում ընդգրկված են քաղաքական իրավունքներին վերաբերող 10 և քաղաքացիական իրավունքներին վերաբերող 15 հարց: Ազատության բացակայության իր աղյուսակը կազմակերպությունը ստեղծել է հիմնականում հայացքներն արտահայտելու, խաղաղ հանրահավաքներ անցկացնելու և պետությունից անջատ նախաձեռնություններ իրականացնելու ազատության գործոնների հիման վրա: Ի թիվս այլնի կա հարց, օրինակ, այն մասին՝ արդյո՞ք այս կամ այն երկրում պետության ղեկավարն ազատ ընտրություններում է հաղթել:
Ըստ այդմ՝ երկներին շնորհված է 1-7 բալ, թե քաղաքական, թե քաղաքացիական ազատության առումով, որոնք արտահայտում են համապատասխանաբար ամենալավ և ամենավատ ցուցանիշները: 1-2,5 բալ հավաքած երկրները բնութագրված են «Ազատ», 3-5 բալ հավաքածները՝ «Մասամբ ազատ», 5,5-7 բալի դեպքում՝ «Անազատ»:
Հաշվված է, որ ցուցակում ներառված 19 երկրում միջինը 37 ու կես տարի իշխանության ոչ մի փոխանցում չի եղել:
Աշխարհի ամենավատ երկրները 2012-ի դրությամբ հետևյալներն են. Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Սուդան, Սիրիա, Թուրքմենստան և Ուզբեկստան: Սրանցից բացի ներառված են նաև 2 վիճելի տարածք՝ Տիբեթը և Արևմտյան Սահարան: Այս բոլոր երկրներում արգելված է քաղաքական ընդդիմությունը, իշխանությունների քննադատությունը պատժելի է, իսկ միջազգային կազմակերպությունները ճնշումների են ենթարկվում:
Սոմալիից բացի բոլոր այս պետությունները «դաժան բռնապետություն» են որակվում: Սրանցից Հյուսիսային Կորեան կանոնավոր ամենավատ դիրքերում է 40 տարի շարունակ՝ այն ժամանակից ի վեր, ինչ իրականացում է աշխարհի պետությունների ազատության դիտարկումը: Նշվածների ¾-րդը այս ցուցակներում է մոտ 25 տարի:
Վատագույնների եզրագծին շատ մոտ են 7 երկիր՝ Բելառուսը, Բիրման, Չադը, Չինաստանը, Կուբան, Լաոսը ու Լիբիան և մեկ տարածք՝ Հարավային Օսիան: Այս երկրներում ընդդիմությունը խստորեն ճնշվում է, խոչընդոտվում է միջազգային կազմակերպությունների աշխատանքը, իշխանությունների քննադատությունը գրաքննության է ենթարկվում կամ պատժվում:
Ազատությունը աշխարհում 2012-ին աշխարհի երկրները հետևյալ կտրվածքով են ներկայացված: Կան վատագույն 16 և դրան մոտ երկրներ (8%), 87 ազատ (45%), 48 ոչ ազատ (24%) և 60 մասամբ ազատ (31%) երկիր: Հայաստանը վերջին կատեգորիայում է՝ քաղաքական իրավունքների 6 և քաղաքացիական իրավունքների 4 բալերով: Վրաստանը ևս «Մասամբ ազատ» է՝ 4 և 3 բալերով: Տարածաշրջանների երկրներից «Անազատ» երկրների ցանկում է Ադրբեջանը՝ համապատասխանաբար 6 և 5 բալերով: Իրանը ազատ չէ՝ 6-ական միավորներով: Թուրքիան «Մասամբ ազատ» է՝ 3-ական բալերով: «Ոչ ազատ» է Ռուսաստանը՝ 6 և 5 միավորներով:
Ազատության առավելագույն 1 և 1 միավորներով ազատ երկրների շարքում են Գերմանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ուրուգվայը, ԱՄՆ-ը, Պալաուն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Լիտվան, Դոմինիկյան Հանրապետությունը, Չեխիան, Կիպրոսը, Կանադան, Կապե Վերդեն, Բելգիան, Ավստրիան, Անդորան: