
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են թրաֆիքինգի դեմ համատեղ պայքարի հարցեր

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության` Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի պատրաստման համար պատասխանատու պաշտոնյաների պատվիրակությանը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:
Զրուցակիցները քննարկել են թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր, անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած այս տարվա զեկույցին, ըստ որի Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում:
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել վերջին տարիներին երևույթի դեմ պայքարում ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի իրականացման հարցերին: «Վերջին չորս տարիների ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի երևույթի դեմ պայքարը լինի համակարգված, համակողմանի և վճռական»,-նշել է փոխվարչապետը` ներկայացնելով նաև կատարված աշխատանքները: Նա մասնավորպես տեղեկացրել է, որ կատարելագործվել է օրենսդրական դաշտը, ձևավորվել է միջազգային համագործակցություն,
աշխատանքներ են կատարվել նաև երեխաների թրաֆիքինգի երևույթների կանխման ուղղությամբ. մասնավորապես իրականացվել է երեխաների գրանցման գործընթացը` բացառելու համար չգրանցման դեպքերը: Վերջին աշխատանքներում Ա. Գևորգյանն ընդգծել է ոլորտի հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ աշխատանքը:
Հյուրերն իրենց հերթին նշեցին, որ Հայաստանի կառավարությունն այս ոլորտում տարեց տարի բարելավում է աշխատանքները: Նրանց գնահատմամբ` Հայաստանը շատ լավ ուղու վրա է, ինչը կնպաստի առաջին խմբի երկրների թվում ընդգրկվելուն: