
Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Նալբանդյանին

Հուլիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ալբանիայի նորանշանակ դեսպան Դաշնոր Դերվիշիին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով առավել արդյունավետ կօգտագործվի առկա ներուժը հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար, և որ դեսպան Դերվիշին իր ներդրումը կունենա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ փոխգործակցության համար նոր ուղիներ ստեղծելու, զարգացնելու և ընդլայնելու գործում: Դեսպան Դերվիշին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նշել, որ Ալբանիան կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմանի կապերի զարգացման ու խորացման համար:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են նաև երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: