Բաժիններ՝

Հայկական 6 օրեր Հորդանանում

Հորդանանի Թագավորությունում հունիսի 24-30-ը անց են կացվել Հայաստանի մշակույթի օրերը, հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունից: Հայաստանի մշակութային օրերը մեկնարկել են հունիսի 25-ին Ամմանի Մշակույթի Թագավորական կենտրոնում գեղագիտության մանկական կենտրոնի տնօրեն, արվեստագետ Արմենուհի Հարությունյան-Իգիթյանի կոլաժների ցուցահանդեսի բացումով: Այնուհետեւ նույն սրահի գլխավոր դահլիճում մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել մշակութային օրերի պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես են եկել Հորդանանի մշակույթի նախարար Սալահ Ջառառը եւ Հորդանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը: Ելույթներից հետո ներկաներն ունկնդրել են հայ անվանի երգահան, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանի ղեկավարած ժողգործիքների խմբի եւ պատանի քանոնահար, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր Նարեկ Կազազյանի ելույթները: Իսկ հունիսի 26-ին հայ երաժիշտները Քարակ քաղաքի «Հասան» մշակույթի կենտրոնում հայ եւ հորդանանցի հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրել են հայկական ժողովրդական ու ազգագրական երգն ու պարը: Նույն օրը Ամմանի Մշակույթի Թագավորական կենտրոնի կամերային դահլիճում տեղի է ունեցել Հորդանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի «Հայ-արաբական պատմա-մշակութային հարաբերությունները» թեմայով դասախոսությունը` արաբերեն լեզվով: Հունիսի 29-ին էլ Իրբիդ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ եւ Հորդանանի մշակույթի նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել Հորդանանում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական փակման արարողությունը, որին հետեւել է համերգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս