Հայաստանի վարչապետը շնորհավորել է Վրաստանի իր պաշտոնակցին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանո Մերաբիշվիլիին` Վրաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է.
«Հայաստանի հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ:
Հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել եւ նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը եւ նորանոր ուղիներ գտնել երկու երկրների միջեւ տնտեսական կապերի կատարելագործման համար»: