Ոստիկանապետը խոստանում է, որ նախաքննոթյունը լինելու է բացարձակապես թափանցիկ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ուենցած ողբերգական միջադեպին. «Շատ լավ է, որ հանրությունն ըմբոստանում և պահանջում է, բայց եկեք օրենքը համարենք օրենք»,- ասել է Վլ. Գասպարյանը: Նաև հավելել է. «Նախաքննության ընթացքում, չեմ բացառում, որ որոշակի փոփոխություններ պետք է լինեն: Կլինե´ն, հնարավոր է, բայց, որ կլինեն արդար, ազնիվ և թափանցիկ` դա անկասկած»:
Հարցին, թե` երաշխավորո՞ւմ եք գործի արդար քննությունը, Վլ. Գասպարյանը պատասխանել է. «Ես, իհարկե, երաշխավորում եմ` բոլոր պարագաներում, իսկ այս պարագայում` նաև հիշեցնում, որ իմ ամբողջ կենսագրությունը բանակում եմ անցկացրել և սպա եմ»:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, որ հարուցված քրեական գործը առաջին իսկ օրը վերադարձվեց ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Սկզբնական հայտարարություն եղել է «Հարսնաքարի» վարչակազմի կողմից, որ նրանց մոտ խուլիգանություն է տեղի ունեցել, պարզվել է, որ զինվորականներ են և գործն ուղղարկվել է պաշտպանության նախարարություն: Հանրապետության գլխավոր դատախազի հետ եկանք ընդհանուր հայտարարի, հասկացանք, ինչ է կատարվել` ո՞վ է սկսել, ո՞վ վերջացնել, և, բնական է, վերադարձվեց ըստ ընթացակարգի»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում որքանո՞վ է պատասխանատու Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, նա ասել է. «Կարծիքս օրենքի հետ համահունչ է: Նախաքննության պրոցես է ընթանում. այն բոլոր հարցերին կպատասխանի: Բնական է, որ նախաքննոթյունը լինելու է բացարձակապես թափանցիկ»:
Անդրադառնալով հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքարում» պայթուցիկ նյութերով զինված զինվորականի ձերբակալությանը, Վ.Գասպարյանը հայտնեց, որ դրդապատճառների բացահայտման ուղղությամբ այժմ նախաքննություն է ընթանում: «Ոչ ոք չի կարող ուղղորդել, ոչ ոք չի կարող ներգործել: Ավելին ասեմ. մենք այս հարցով ավելի սկզբունքային ենք, դա անկասկած», – ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: