“Հայրապետյանը մասնակից չէր «Հարսնաքարի» միջադեպին, նա տանը պառկած էր”
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը այսօրվա ասուլիսում` խոսելով հունիսի 17-ին “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, ինչի հետևանով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ասել է, թե իր կուսակից պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը մասնակից չի եղել այդ միջադեպին: Նրա խոսքով` այդ միջադեպի ժամանակ Ռ. Հայրապետյանը տանը պառկած է եղել: «Չէ, ես հարց եմ տալիս, եթե ռեստորանի տերը չլիներ Ազգային Ժողովի պատգամավոր, ազգանունն էլ ուրիշ լիներ, արձագանքը նո՞ւյնը կլիներ հասարակության կողմից… Ինքը մասնակիցը չի այդ ծեծկռտուքի, ինքը տանը պառկած ա եղել, հիմնարկում ինչ-որ բան ա տեղի ունեցել, ցանկացածի հիմնարկում կարող ա նման բան տեղի ունենալ… Ես չեմ ուզում արդարացնել, որովհետև իր մեղքի բաժինը Ռուբեն Հայրապետյանը ունի, բայց այս վայնասունը, որ բարձրացրել են` վա~յ, եկեք «Հարսնաքարը» փակենք, ոնց որ շենքը մեղավոր է, կամ վա~յ, եկեք Ռուբեն Հայրապետյանին գնդակահարենք, ոնց որ ինքն ա մասնակից եղել…»,- ասել է նա:
Ըստ Մ.Բադեյանի, Ռ.Հայրապետյանի մեղքի բաժինն այնքանով է, որ նա օգտվում է անվտանգության աշխատակիցների ծառայություններից, իսկ այդ դեպքում, ըստ նրա` պետք է նախևառաջ խաղի կանոններ հստակեցնել ու պահանջներ ներկայացնել:
«Ես չեմ կարծում, որ Ռ.Հայրապետյանը պահանջ չի դրել մարդկանց առաջ, որովհետև պահանջներ բոլորի առաջ դրել է նաև պետությունը, որոնք չեն կատարվել այնպես, ինչպես չեն կատարվել Ռ.Հայրապետյանի պահանջները»,- ասել է պատգամավորը:
«Անվտանգության աշխատակիցները, այո, վտանգավոր են դարձել հասարակության համար»,- ընդգծել է նա:
Դիտարկմանը, թե ամենաթողությունը հենց թիկնապահներ պահող անհատներն են ստեղծում, Մ. Բադեյանն այսպես է արձագանքել. «Դուք ներկա՞ եք եղել այն խոսակցությանը, որ Ռուբեն Հայրապետյանը իր «ախռանիկին» ասել ա ինչ ուզում ես արա, ներկա՞ եք եղել: Ես չեմ կարծում, որ ինքն ասել ա` գնացեք մարդ ծեծեք. դա ձեր ենթադրություններն են…. Այ քեզ բա~ն, մարդասպանը ո՞ւմ հույսով ա մարդ սպանում: Մարդասպանը կարող էր լինել Աբովյան փողոցում և մարդ սպաներ…. »:
Անդրադառնալով Վահե Ավետյանի հիշատակի համար կազմակերպված մոմավառության ժամանակ “Հարսնաքարում” տեղի ունեցող հարսանյաց արարողությանը, ինչը նույնպես հասարակության մոտ ցասում էր առաջացրել, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն ասել է, թե հասարակությունն է մեղավոր նման անհանդուրժողական մթնոլորտի համար:
«Հարսանիքները Ռ.Հայրապետյանը չի անում, դրանք պատվիրվում են 7-8 ամիս առաջ.. յոթ-ութ ամիս առաջ պատվիրած հարս ու փեսան ի՞նչ մեղք ունեն… Էս ի~նչ անհանդուրժող եք, էս ի~նչ ագրեսիվ եք և ուզում եք էս անհանդուրժող հասարակությունը հարս ու փեսա դնի մի կողմ` ինչ ա թե Ռուբեն Հայրապետյանի հանդեպ մի քիչ ավելի բարձր խոսի: Ու էս հասարակությունում դուք ուզում եք, որ մարդ մարդու չսպանի՞: Իհարկե` կսպանի, իսկ արժեհամակարգը հանդուրժողականության մեջ է ձևավորվում»,- ասել է Բադեյանը:
Ի դեպ, Մանվել Բադեյանը երեկ հայտարարեց, որ ՀՀԿ-ում դեռևս այս միջադեպը չի քննարկվել: