Էլեկտրոնային չվացուցակներ` Երևանի կանգառներում
Երևանի տրանսպորտային կանգառների հատվածում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին, այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, շարունակելով ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ, արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:
Քաղաքապետը հանձնարարել է վերանայել հեղեղատարների վիճակը և գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքներն ու երկրորդական փողոցները, որտեղ նկատվում են անձրևաջրերի կուտակումներ:
Զեկուցվել է, որ սահմանված ժամկետից շուտ կավարտվեն մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների բարեկարգման, ներկման և լվացման աշխատանքները:
Ավարտական փուլում է նաև վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման և մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի համաձայն բակային տարածքներում կտեղադրվի 74 մանկական խաղ և 400 մարզական գույք:
Քամիների ժամանակ ծառերի հնարավոր տապալումներից խուսափելու նպատակով` քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում:
Ծառերի կրապատման և բուժման աշխատանքներն ակտիվացնելու համար հանձնարարվել է այդ աշխատանքներում, ցանկության դեպքում, ներգրավել նաև հասարակական կառույցներին:
Մայրաքաղաքի շատրվանների վերագործարկման նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բանակցությունները ներդրողների հետ: