
Իսպանիան դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 14-րդ առաջնությունը: Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի ուժեղագույն հավաքականի կոչումը վիճարկեցին գործող չեմպիոն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները:
Խաղը շատ ակտիվ սկսեցին իսպանացիները և աստիճանաբար մեծացնելով ճնշումը, հանդիպման 14-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աջ եզրից մրցակցի տուգանային հրապարակ ներխուժած Սեսկ Ֆաբրեգասը հաշվենկատ փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ վրա հասած Դավիդ Սիլվան գխի հարվածով գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը:
Բաց թողած գոլից հետո իտալացիները տիրեցին նախաձեռնությանը և շոշափելի առավելություն ստացան: Սակայն մի քանի դրվագներում անթերի գործեց Իկեր Կասիլյասը: Առաջին խաղակեսն արդեն մոտենում էր ավարտին, երբ իսպանացիների հերթական գրոհը ևս ավարտվեց դարպասի գրավմամբ: Այս անգամ աչքի ընկավ Խորդի Ալբան:
Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ նաև փոխարինման դուրս եկած Ֆեռնանդո Տորրեսը: Այնուհետև արդեն գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած ևս մեկ ֆուտբոլիստ` Խուան Մանուել Մատան: Իսպանիան հաղթեց 4:0 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: