«Եվրամիության կողմից պայմանագրի ստորագրումը չի նշանակում ստորագրում, դա նշանակում է՝ դեռ առաջին փուլի ավարտ». Քաղաքագետ

«Չպետք է մոռանանք, որ սրանք բանակցություններ են, ու բակացություններն ունեն երկու կողմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Մինասյանը։

Չբացառելով, որ Հայաստանից և Եվրոպայից դուրս կարող են լինել քաղաքական գործոններ՝ Ա. Մինասյանը հակված է կարծելու, որ այս փուլում բանակցությունների այն «խրթին» հարցերը, որ «օբյեկտիվորեն» արծարծում են կողմերը, քաղաքական չեն, դրանք «իսկապես տեխնիկական» են։

«Քաղաքական կոմպոնենտով ասոցիացման համաձայնագրի հետ կապված, կարծես թե, խնդիր չկա, անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ դա մեծ հաշվով քոփի փեյսթ ռեժիմով պետք է աշխատի, ինչ վերաբերում է առևտրի հետ կապված հարցերին, խնդիրը հետևյալն է, Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, իսկ ԵԱՏՄ-ն դեռևս կայացման փուլում է, դեռևս բազմաթիվ տեխնիկական կանոնակարգեր, ընթացակարգեր դեռևս ընդունված չեն, ու եթե չկան, դժվար է դրանք ադապտացնել ԵՄ պահանջներին։ Մյուս կողմից՝ ԵՄ-ն ինքն տրանսֆորմացիայի շատ ակտիվ փուլում է։ Այսինքն՝ այստեղ խնդիր կա երկու կողմից էլ՝ նախ՝ Եվրոպան է փոխվում, երկրորդ՝ Հայաստանը պետք է իր տեղը գտնի ավելի մեծ համակարգում, համակարգը դեռ մինչև վերջ կայացած չէ, և այս ամեն ինչը բերում է տեխնիկական խնդիրների, որոնք պետք է փոխվեն»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ կարևորն այն է, որ կա կառուցողական մոտեցում երկու կողմից էլ. «Կարծես թե կողմերն այս բանաձևով ինտենսիվ քայլեր են անում, բանակցությունները մեկնարկել են անցյալ տարվա դեկտեմբերին, և դեռ մեկ տարին չբոլորած՝ մենք արդեն պետք է մոտենանք բանակցությունների 7-րդ փուլին։ Կարծես թե կա մտադրություն՝ ակտիվ ավարտին հասցնել»։

Ա. Մինասյանի խոսքով՝ բնական է, որ հատկապես գալիք տարվա կտրվածքով, երբ Հայաստանում նախատեսված են ընտրություններ, իսկ շրջանակային համաձայնագիրն ունի քաղաքական կոմպոնենտ, պարզ է, որ եվրոպական երկրներն ուշադրություն են դարձնելու դրան, որովհետև «Եվրամիության կողմից պայմանագրի ստորագրումը չի նշանակում ստորագրում, դա նշանակում է՝ դեռ առաջին փուլի ավարտ», դա դեռ պետք է վավերացվի անդամ 28 երկրների խորհրդարաններում. «Բնականաբար, մենք չգիտենք Սկանդինավյան երկրներից որևէ մեկը, որ ծայրահեղ մոտեցումներ է ցուցաբերում ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված, օբյեկտիվորեն կամ նույնիսկ սուբյեկտիվորեն չի գնա պայմանագրի խափանմանը։ Այսինքն՝ ռիսկերը կան, բայց քանի որ կողմերն իսկապես կառուցողական են տրամադրված, և պաշտոնական մակարդակով հայտարարվում է այդ մասին, ենթադրվում է, որ բանակցությունների և պայմանագրի ստորագրումը կհասնեն դրական հանգրվանին»։

Տեսանյութեր

Լրահոս