«Ապրիլյան մղձավանջը կարող է կրկնվել». Ուվե Հալբախ

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին այլ ելք չի մնում, քան շփման գծում և սահմանին վերահսկողական մեխանիզմներ ներդնելու հարցում ավելի բիրտ դիվանագիտական ուժ կիրառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալխաբը, ով մասնագիտացած է հարավկովկասյան հարցերում, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ Բաքվում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, որ բանակցային սեղանին հակամարտության կարգավորման շատ բաղադրիչներ կան: Ուորլիքը նշել է, թե Ադրբեջանի և Հայաստանի նախագահների  կայանալիք հանդիպման վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, թե Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ԼՂ հակամարտության լուծմանը՝ Ուորլիքը նշել է, որ Քերին տրամադրված է հակամարտության կողմերի հետ աշխատել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ, ուստի կարևոր է, որ հակամարտության կողմերը ևս տրամադրված լինեն՝ գտնելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ:

«Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է աշխատել այն բանակցությունների ու առաջարկների շուրջ, որոնք արդեն դրված են սեղանին, ինչպես նաև պատրաստ է Հայաստանի ղեկավարի հետ հետագա քննարկումներին: Մենք կցանկանայինք հետևել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտականություններին, թեպետ դեռ կան ինչ-ինչ դետալներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը: Մենք այդ ամենը կքննարկենք արդեն նախագահների հաջորդ հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

Ուվե Հալբախն ասաց, որ Ջեյմս Ուորլիքը պարզապես դիվանագիտական լեզու է գործածել՝ ասելով, թե նախագահները պատրաստ են աշխատել այն առաջարկների շուրջ, որոնք դրված են սեղանին: Ըստ Հալբախի, ակնհայտ է, որ նախագահները կաշկանդված են ինչպես՝ մի շարք ներքին, այնպես էլ՝ արտաքին գործոններով, որը թույլ չի տալիս կարգավորել հակամարտությունը՝ համաձայնելով զիջումների:

«Հակամարտող երկրների հասարակություններն այնպիսի միջավայրում, այնպիսի պրոպագանդայի պայմաններում են դաստիարակվել, ներկայումս այնպիսի տնտեսական ու սոցիալական դժվարություններ են կրում, որոնք թույլ չեն տալիս հասարակություններին դիտարկել զիջումներ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Երկու երկրների իշխանություններն իրենց հերթին՝ այնքան ամուր չեն, որպեսզի նման որոշումներ կայացնելու համարձակություն ունենան: Այս պահին կա նաև հակամարտությունը վերջնականապես չկարգավորելու մտադրություն, քանի որ կարգավորումը հասարակությունների ուշադրությունը կկենտրոնացնի ներքին խնդիրների վրա, որոնք հեշտությամբ անտեսվել են շփման գծում տիրող իրավիճակի հետևանքով:

Բնականաբար, Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակն իր հերթին՝ կաշկանդում է համանախագահ երկրներին, քանի որ հակասությունները շատ են, իսկ հայտնի է, որ Հարավային Կովկասում տարբեր շահեր են հետապնդում ԱՄՆ-ը ու Ռուսաստանը: Վերջինս ցանկանում է լինել այդտեղ ազդեցություն ունեցող միակ երկիրը, ԱՄՆ-ը նման հավակնություններ չունի, բայց չի կարող աչքաթող անել այս տարածաշրջանը, որն իր համար ռազմավարական կարևորություն ունի»,- մեկնաբանեց գերմանացի վերլուծաբանը: Վերջինիս խոսքով՝ ակնհայտ է, որ այս խնդիրները նախագահներին մղում են դադարեցնել բանակցությունները ժամանակավորապես, ինչը հասկանում են համանախագահները, ու դա նույնիսկ տեսանելի է դիվանագիտական խոսքի տողատակերում:

«Համանախագահներին այլ ելք չի մնում, քան շփման գծում և սահմանին վերահսկողական մեխանիզմներ ներդնելու հարցում ավելի բիրտ դիվանագիտական ուժ կիրառել, քանի որ ապրիլյան մղձավանջը նման իրավիճակում կարող է կրկնվել»,- նման համոզմունք հայտնեց Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս