Բաժիններ՝

«Մենք տեսնում ենք հերոսի արկածները, այն, թե ինչ է անում նա` լինելով նախագահ». Արամ MP3-ն` նոր ֆիլմի մասին

Մենահամերգ, գլխավոր դեր ֆիլմում, նոր երգեր. հայտնի հումորիստ, հաղորդավար, սիրված երգիչ Արամ MP3-ի գրաֆիկը հագեցած է: «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է նոր ֆիլմի, մենահամերգի և այլ ծրագրերի մասին:

Արամ MP3-ը` ապրիլի 7-ի մենահամերգի մասին

Մենք փորձել ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի ժամանակ առավելագույնս մտածել հանդիսատեսի մասին: Հայաստանի համար նորարարություններ ենք արել: Խոսքը վերաբերում է շոուին: Փորձել ենք հաճելի, ոգևորող և տրամադրող միջավայր ստեղծել: Բերել ենք մեծ էկրան, որը Հայաստանում նոր է, և առաջին անգամ է օգտագործվում: …Ներկայացնելու եմ իմ ստեղծագործությունները` սիրված և նոր երգեր, ինչպես նաև որոշակի նոր cover-ներ:

Անհամբերությամբ եմ սպասում մենահամերգին: Օրս միայն դրանով է լցված. սկսվում և ավարտվում է համերգով: Ուրիշ ոչնչի մասին չեմ էլ մտածում: Շատ ոգևորված եմ, հուսով եմ և վստահ, որ լավ է լինելու:

Կարդացեք նաև

Առաջին անգամ` հայկական ֆիլմի գլխավոր դերում

«Առաջին դեմք» ֆիլմը հետաքրքիր է, ունի տարբերվող սյուժե: Մի երիտասարդի մասին է, ով բնավորությամբ բավականին «թամբալ» է, բողոքում է, մտածում է, որ ամեն ինչ սխալ է, և դրանում ինքը ոչ մի մեղք չունի: Նրան հնարավորություն է ընձեռվում դառնալ երկրի նախագահ: Այսիքն`մինչ այդ նա էր բողոքում ամեն ինչից և կարծում էր, որ նախագահն է մեղավոր ամեն ինչում: Մենք տեսնում ենք հերոսի արկածները, այն, թե ինչ է անում նա` լինելով նախագահ: Եվ սա՝ կատակերգության ժանրում:

Սա իմ առաջին փորձն էր: Շատ երկար եմ տրամադրվել: Ռեժիսորի` Հրանտ Երիցկինյանի հետ շատ երկար փորձեր ենք արել: Երբ տեսնում եմ արդյունքը, ինձ գոհացնում է:

Սյուժեն բավականին հետաքրքիր է, կանչող

Ինձ մինչ այդ էլի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ են արել, ուղղակի սցենարները դուր չեն եկել: Երբ Հրանտն առաջարկեց այս ֆիլմը, ինձ շատ դուր եկավ գաղափարը: Ֆիլմում երկու կերպար եմ խաղում: Առաջին կերպարը տղա է, ով չի մտածում ոչ մի բանի մասին: Երկրորդ կերպարը նույն տղան է, ով դառնում է նախագահ, փոփոխություններ են լինում, նա հասկանում է, որ իր ուսերին մեծ պատասխանատվություն կա: Կարծում եմ` հաղթահարել եմ իմ առջև դրված խնդիրները:

Նոր տեսահոլովակներ, ծրագրեր

Ես կողմ եմ իրար ետևից ներկայացնել երգեր, քան ձայնասկավառակ անել: Երբ երգը պատրաստ է լինում, միանգամից հանձնում եմ հանդիսատեսի դատին: Գարնանը նոր տեսահոլովակներ կլինեն: Այս պահին ամբողջ ուշադրությունս համերգի վրա է: Համերգից հետո, իհարկե, կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս