Բաժիններ՝

«Կարեն Դուրգարյանին ես համարում եմ շատ լավ դիրիժոր և գիտեմ, որ նա շատ լավ կարիերա ունի դրսում». Սերգեյ Սմբատյան

Այսօր տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսով հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նրանք ամփոփեցին նվագախմբի՝ 2015 թվականին իրականացված ծրագրերն ու նախագծերը, ինչպես նաև անդրադարձան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանին, որը կնշվի 2016թ. հունվարին։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն անցնող տարին բնորոշեց՝ հագեցած, ինչպես՝ Հայաստանում և մարզերում, այնպես նաև՝ Հայաստանի սահմաններից դուրս իրականացված ծրագրերով. «Անցնող տարին՝ 2015-ը, կարևորագույն տարի էր բոլորիս համար, հաշվի առնելով հիշատակի 100-ամյա տարելիցը, և այն ամփոփելն էլ իր մեջ որոշակի պատասխանատվություն է ներառում: Այս տարի մենք անմասն չենք մնացել տարվա գլխավոր թեմայից, նույնիսկ եղել ենք ամենաակտիվ նվագախմբերից մեկը, փորձել ենք հնչեցնել այն, ինչ պատկերացրել ենք, որ ճիշտ է հնչեցնել, և մեր ծրագրում ներառված բոլոր համերգները, նախագծերն ու միջոցառումները կառուցել ենք այնպես, որ ավելի հնչեղ ու ներկայանալի լինեն»:

Տեղեկացնենք, որ անցնող տարում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ունեցել է 60-ից ավելի համերգներ` Հայաստանում և արտերկրում, տարվա ընթացքում կազմակերպել ու անցկացրել է երկու՝ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ, ինչպես նաև՝ Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոները:

Սերգեյ Սմբատյանը կարևորեց նաև մարզային համերգների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անցնող տարում իրենք դասական երաժշտության թվով 7 համերգներ են ունեցել Հայաստանի տարբեր մարզերում, և նոր տարվա պլանների մեջ նույնպես նախատեսում է անցկացնել ոչ պակաս, քան նույն չափով. «Ցավոք սրտի, մենք միշտ փորձում ենք այդ խնդիրը բարձրացնել, այդ մասին խոսել, բայց քչերին է հաջողվում խոսքը գործի վերածել: Մենք կուզենայինք մեր փորձով մարդկանց ինտեգրեինք այդ դաշտ՝ ավելի կարևորելու նաև մարզային համերգների գաղափարը»:

Կարդացեք նաև

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում երիտասարդ դիրիժորն առանձնահատուկ անդրադարձ կատարեց 24/04 համաշխարհային նվագախմբի կազմավորման, ապրիլքսանչորսյան համերգի կազմակերպմանը. «Սա երևի թե 2015թ. մեր կարևորագույն համերգն էր և դեռ շատ երկար ժամանակ կմնա մեր հետ: Մենք չենք ուզում պատկերացնել, որ արդեն պետք է մոռանալ 24/04-ի գաղափարը, բայց ի՛նչ արած…»:

Խոսելով նվագախմբի արտասահմանյան ելույթների մասին՝ Ս. Սմբատյանն առանձնացրեց դրանցից մի քանիսը՝ ընդգծելով ՅՈւՆԵՍԿՕ-ում՝ «Ségur» սրահում ունեցած համերգը, միդեմյան օրերին Կանն քաղաքի «Debussy» համերգասրահում անցկացված համերգը, ինչպես նաև անդրադարձավ Ավստրիայի հեղինակավոր բեմերում՝ Լինցի «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում և Վիեննայի «Մյուզիքֆերեյնում» կոմպոզիտոր Վիգ Զարթմանի «Վերածննդի արմատներ» նախագծին, որ նվիրված էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց նաև այն մասին, որ 2016 թ. հունվարին լրանում է նվագախմբի 10-ամյա գործունեությունը, որի առիթով իրենք անակնկալ են պատրաստել երաժիշտների համար: Ընդհանուր առմամբ՝ 10-ամյա հոբելյանը նվագախումբը պատրաստվում է նշել մեծ պատասխանատվությամբ:

168.am-ի այն հարցին, թե ի՞նչ է մտածում Երիտասարդական նվագախմբի ղեկավարն այս օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված կառուցվածքային փոփոխությունների մասին, հատկապես այն կոնտեքստում, երբ ամենատարբեր կողմերում կատարված փոփոխություններն այս կամ այն կերպ կապում են իր անձի հետ, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց. «Կառուցվածքային փոփոխություններ են եղել Օպերային թատրոնում, որը ղեկավարում է հայազգի կատարողական արվեստում ամենահայտնի մշակութային գործիչ, հայ ազգի պարծանք Գեղամ Գրիգորյանը: Իմ հարգանքն այնքան մեծ է նրա նկատմամբ, որ ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահի քննարկել այն մարդկանց որոշումները, ում հանդեպ ես ունեմ անհավանական մեծ հարգանք: Ես հպարտ եմ, որ մաեստրոն կա այսօր Հայաստանում, և թատրոնն ունի ճիշտ սկզբունքներով ղեկավարող Գեղամ Գրիգորյանին: Իսկ երբ մարդիկ ինչ-ինչ նպատակներով հնչեցնում են իմ անունը կամ մեղադրում ինձ ինչ-ինչ բաներում, ապա ես դա չեմ համարում ազնիվ, ճիշտ և սկզբունքային քայլ իմ նկատմամբ, մանավանդ, որ այս խոսակցություններն ինձ՝ որպես անհատի ու երաժշտի, արդեն վիրավորում են այն առումով, որ ես իմ ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել եմ Երիտասարդական նվագախմբի կայացմանը և պատասխանատու եմ այդ մարդկանց առաջ: Նման ցանկություն, միտում կամ խնդիր ես չունեմ և դրա կարիքն էլ նմանապես ես չունեմ: Հետևաբար՝ այդ խոսակցություններն անհեթեթություն են, և ես օբեկտիվ որևէ պատճառ չեմ գտնում դրանց տարածման մեջ»:

Մեր այն հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ նույն Գեղամ Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ կամ նրա կայացրած որոշման արդյունքում մենք կարող ենք այլևս չունենալ մեկ այլ անվանի մշակութային գործիչ՝ Կարեն Դուրգարյանին (վերջինիս մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ՝ Կ. Դուրգարյանը կարող է հեռանալ երկրից), երիտասարդ դիրիժորը պատասխանեց. «Ես չգիտեի, որ Կարեն Դուրգարյանը ցանկություն է հայտնել հեռանալու Հայաստանից: Ես պետք է կրկնվեմ՝ ասելով, որ այն, ինչ կատարվեց Օպերային թատրոնում՝ դա մաեստրո Գրիգորյանի որոշումն էր, որը ես չեմ կարող քննարկել: Մենք շատ երաժիշտներ ունենք, ովքեր հեռացել են Հայաստանից, և ես չեմ կարծում, որ Հայաստանից հեռանալը դա երկրի խնդիրն է: Կարեն Դուրգարյանին ես համարում եմ շատ լավ դիրիժոր և գիտեմ, որ նա շատ լավ կարիերա ունի դրսում, այստեղից գնալն իր որոշումն է լինելու»:

Եթե չլիներ Օպերային թատրոնի շուրջ ստեղծված այս իրավիճակն ու Սերգեյ Սմբատյանի անդադար հիշատակվող անունն այս ամենում, միգուցե այս հարցը երբեք չհնչեր՝ ուղղված նրան, այնուամենայնիվ 168.am-ը ցանկություն հայտնեց իմանալու, թե անձնային և մասնագիտական ի՞նչ հարաբերությունների մեջ է վերջինս այսօր գործող նվագախմբերի՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ: Մեր հարցին պարոն Սմբատյանն այսպես պատասխանեց.

– Շատ դժվար է կառուցել սոցիալական բնույթի նորմալ հարաբերություններ, երբ մարդիկ փորձում են հրապարակայնորեն քեզ մեղադրել, կամ ավելի շատ ներկայացնել առավելապես բացասական կողմից…

Ո՞ւմ նկատի ունեք, պարոն Սմբատյան:

Ես նկատի ունեմ իմ այն կոլեգաներին, որոնց անունները Դուք հնչեցրիք: Նրանք երկուսն էլ հրապարակայնորեն արդեն հայտարարում են այն մասին, որ արվում են քայլեր կամ արարքներ, որ կապված են իմ անվան և անձի հետ:

Պարոն Սմբատյան, Դուք, այնուամենայնիվ, ոչ մի օբյեկտիվ պատճառ չե՞ք տեսնում նրանց այդ քայլերում:

Ես երբեք ինձ թույլ չեմ տվել հանրային կերպով և բացասական երանգներով հնչեցնել իրենց անունները:

Բայց եթե Դուք նրանց մեղադրում եք Ձեր անունը շահարկելու մեջ, ապա դա անպայման պետք է նաև պատճառներ ունենա, այդպես չե՞ք կարծում: Ի՞նչ շահ ունեն նրանք դա անելուց:

Դուք, իհարկե, շատ ճիշտ և դիպուկ հարց եք տալիս, բայց սխալ է այն ուղղել հենց ինձ, որովհետև ես պետք է կրկնվեմ, ինձ երբեք թույլ չեմ տվել հրապարակայնորեն մարդկանց անվան շուրջ բացասական կարծիք ստեղծել: Մենք կարող ենք լինել տերը մեր ասածի, բայց նաև պետք է լինել տերը՝ մեր լռության: Ես իմ լռության տերն եմ, թեև հասկանում եմ, թե ինչը կարող է այդ մարդկանց լարել իմ դեմ…

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս